Գլխավոր / Բնապահպանություն / Ամուլսարի հարցում որոշում կայացնողին անտեսել են

Ամուլսարի հարցում որոշում կայացնողին անտեսել են

2009 թվականից սկսած Լիդիան Արմենիա կազմակերպությունը անց է կացրել մի շարք հանրային լսումներ Գնդեվազում, Գորհայքում, սակայն, ոչ Ջերմուկում, քանի որ Ջերմուկ առողջարանային քաղաքը կառավարության կողմից չէր ճանաչվել ազդակիր համայնք։ Պատճառաբանությունն այն էր, որ հանքարդյունաբերող կազմակերպությունը չէր գտնում, որ իր գործունեությունը կունենա ազդեցություն Ջերմուկ քաղաքի վրա։ Սակայն 2011 թվականին Ջերմուկում 1 հանրային քննարկում տեղի ունեցավ, որտեղ բնակիչները իրենց դեմ կարծիքը արտահայտեցին։ Հանդիպումը ավարտվեց վիճաբանությամբ։ Սակայն հանքարդյունաբերող կազմակերպության համար դա որևէ նշանակություն չուներ, հանրային քննարկումն էլ իրավական հետևանք չառաջացրեց, քանի որ համայնքը ազդակիր չէր։

2013-2014 թվականներին Գնդեվազ համայնքում հերթական հանրային լսումների օրը լսումներին մասնակից էին միայն կազմակերպության աշխատողները, իսկ Գնդեվազցիների համար նստելու տեղ անգամ չկար։ Կրկին հանրային լսումներն ավարտվեցին վիճաբանությամբ և հայհոյանքներով։ Գնդեվազի գյուղապետը և ավագանին հավանություն տվեցին Լիդիանի ծրագրերին, մեծաքանակ համայնքային հողեր վաճառեցին և մնացած գյուղացիներին պարտադրեցին ևս վաճառել հողերը։ Դրանով Լիդիան Արմենիա կազմակերպությունը ստացավ թույլտվություն համայնքի հողը օգտագործելու և այն հանքարդյունաբերական նպատակներով օգտագործելու համար։

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը հիշեցնում է , որ հսկայական գումարներ են մուտք եղել համայնքային բյուջե։

2016 թվականին Ջերմուկ համայնքը խոշորացվեց, Գնդեվազ համայնքը մտավ Ջերմուկի կազմի մեջ։ Գյուղապետը չուներ ազդեցություն որոշումների կայացման վերաբերյալ և վարչարարությունը տեղափոխվեց Ջերմուկ։ Լիդիան Արմենիա կազմակերպությունը շահագործման թույլտվություն ստացավ 2016 թվականին Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից։ Սակայն անգամ խոշորացված համայնք լինելուց հետո էլ հանրային լսումներ չկազմակերպվեցին Ջերմուկում, որին միացան Գնդեվազը, Հեր Հերը և Կարմրաշենը։ Համայնքի կարծիքը չարձանագրվեց, չեղան պատշաճ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։

Այժմ համայնքի 3000 բնակիչ ստորագրել է Ջերմուկի համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու որոշումը, իսկ ավագանին հավանություն է տվել ստորագրություններով պահանջին։

ՀՀ Կառավարությունը ի դեմս Տարածքային կառավարման նախարարության, Վայոց Ձորի մարզպետի միջոցով առաջարկ է արել Ջերմուկի համայնքապետին, վերջինս հրավիրել է արտահերթ նիստ՝ ավագանու վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար:

Ավագանին մերժեց առաջարկը։ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը համարում է, որ ավագանին նման որոշում կայացնելու իրավունք չուներ և մեկնաբանեց նախարարության հետագա գործողությունները։

Իրավունքի տեսակետից պետք է արձանագրենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի իրավունքները ոտնահարվել են՝ ավելի վաղ որոշումների կայացմանը մասնակից չդարձնելու և այնտեղ հանրային լսումներ չանցկացնելու պատճառով։ Գնդեվազ և Գորհայք փոքր համայնքները որոշում են կայացրել Ամուլսարի հանքի վերաբերյալ՝ Ջերմուկ քաղաքի փոխարեն։