Գլխավոր / Առողջապահություն / Առողջապահության նախկին փոխնախարարը գրավի դիմաց ազատ է արձակվել

Առողջապահության նախկին փոխնախարարը գրավի դիմաց ազատ է արձակվել

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում հայտնաբերված չարաշահումների գործով Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ավելի վաղ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանն ասել էր․ «Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Պողոսյանին»։

Առողջապահության նախարարություն֊ը հայտնել է «Ազատությանը», որ Պողոսյանը նախկին նախարար Արմեն Մուրադյանի՝ 2014-ի հրամանով է համակարգել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Ըստ Քննչական կոմիտեի՝ Մուրադյանն այս քրեական գործով կարգավիճակ չունի, հետևաբար չի հարցաքննվել, հայտնում է «Ազատությունը»։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը մեղադրվում է պաշնոտեական լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ ՊՈԱԿ֊ի նախկին տնօրենն, ըստ իրավապահների, դիտավորությամբ օգտագործել է իր դիրքը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ այս պահին պետությանը պատճառված վնասը գերազանցում է 200 մլն դրամը։

Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել են, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում: Տվյալներ են ձեռք բերվել՝ վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ:

Tekali Taxi