Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառուհի Բաթոյանը մայիսի 6-ի ասուսիլին` անդրադառնալով մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալմանը, հաստատեց կրկին, որ դատապարտում է հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձն ու այդ փախանման գործընթացը։
Նախարար․ – Կարևորել եմ հասարակական կազմակերպությունների, որոնք աշխատում են մարդու իրավունքների ոլորտում, համար անհրաժեշտ ապահով միջավայրի ստեղծումը, որպեսզի իրենք բարենպաստ պայմաններում կարողանան աշխատել։ Սա կարևոր է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք շատ հաճախ իրացնում են նաև պետության գործառույթը։ Այսօր սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները որևէ կերպ պետությունը չի ֆինանսավորում, չկա նման ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթարկված երեխաներին կամ այլ անձանց։ Արդյոք ճի՞շտ եք սա համարում, թե՞ ոչ։
Եվ ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարևորելու այս կազմակերպության աշխատանքը և ընդհանրապես՝ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք իրականացրել են և շարունակում են իրականացնել պետություն գործառույթները։ Որովհետև բոլորս էլ գիտենք, որ մեր ռեսուրսները անսահմանափակ չեն, ցավոք, և մենք այս պահին որևէ աջակցություն չեն ցուցաբերում ո՛չ ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններին, ո՛չ սեռական բռնության ենթարկված անձանց։ Իմ գնահատականը սա է եղել։
Ինչ վերաբերում է գրքին․ գրքի հրապարակումը [Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր գրքի լուսանկարները – խմբ․] միայն նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որ շահարկվում և տարածվում է, չի համապատասխանում իրականությանը։ Իրենց նշած այլասեռվածությանն ուղղված որևէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկար։ Մարդիկ կուզեն՝ կկարդան, կընթերցեն, կուզեն՝ ոչ, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում՝ իր երեխային ինչպես պաշտպանել, ինչպես դաստիարակել։ Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ, և այստեղ ես, բնականաբար, զերծ եմ մնում որևէ գնահատական տալուց։
Լրագրող․ – Այդ կազմակերպության հետ նախարարությունը այլ ծրագրեր անո՞ւմ է․․․
Նախարար․ – Երբ մեզ դիմում են սեռական բռնության ենթարկված անձինք՝ կանայք կամ երեխաներ, քանի որ պետությունը, նախարարությունը չունի որևէ ծրագիր, մենք ուղղորդում ենք իրենց։ Այսինքն՝ իրենք աջակցում են, որպեսզի մենք այդ անձանց կարողանանք տրամադրել համապատասխան աջակցություն։ Այս պահին որևէ ֆինանսական․․․զուտ գործընկերային հարաբերություններ են։
Լրագրող․ – Շարունակելով գրքի թեման ես հարցնեմ․ բացի այն դժգոհությունները, որ մեր գործընկերը նշեց, մյուս դժգոհությունն այն է, որ պետական մակարդակով ի դեմս ձեզ պաշտպանվեց այդ գիրքը, և նաև դրա համար սլաքները դժգոհության ուղղվեցին ձեզ։ Եվ մյուս դժգոհությունը կայանում էր նրանում, որ գիրքը միգուցե շատ օգտակար է, բայց թարգմանությունը և լեզուն, մատուցման ձևը այդքան էլ ընդունելի չեն։ Հասկանալի է, որ դա դասագիրք չէ և ազատ ընթերցանության համար է․․․ զուտ լեզվական մտածողության առումով՝ արդյո՞ք նորից վերանայման կարիք չունի․․․
Նախարար․ – Ինչ վերաբերում է գրքին՝ ես գրիքը չեմ պաշտպանել, նորից եմ կրկնում։ Հստակ ձևակերպեցի՝ ես ինչն եմ պաշտպանել։ Ես պաշտպանում եմ Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպության գործուներության իրավումքը, որը ուղղված է երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելուն։ Գրքի հետ կապված որևէ քոմենթ չունեմ։ Նախարարությունը գրքերի տպագրության իմաստով․ նաև այդ գրքի, դերակատարում չունի, դա այլ ոլորտ է։ Եվ նորից եմ ասում՝ մեթոդները կարող են լինել տարբեր։ Այն, որ ես գիրքն եմ պաշտպանել, դա իրականության, փաստերի խեղաթյուրում է։
Լրագրող․ – Բայց դուք տարածել եք գիրքը, ասել, որ այդտեղ խնդիր չկա։ Արդյոք սա պաշտպանե՞լ չէ։
Նախարար․ – Ես գիրքը տեղադրել էի, որպեսզի հստակ լինի, որ այդտեղ որևէ, այսպես ասեմ, այլասեռման նշույլներ չկան։ Դա նշանակո՞ւմ է պաշտպանել։ Որևէ մեկը ազատ է ընտրելու՝ գիրքը կարդալ, թե ոչ։ Այսպես ասեմ՝ գիրքը միջոցներից մեկն է։ Բայց եթե կա ծնող կամ մարդիկ, որոնք որևէ անհրաժեշտություն չեն տեսնում տվյալ գրքի և ունեն այլ գրքեր կամ ընդհանրապես իրենք ավելի մեծ փորձ և գիտելիքներ ունեն և վստահ են դրանում, դա պարտադիր պայման չէ։ Ես խրախուսում եմ կրթությունը, ես խրախուսում եմ իրազեկվածությունը, ես խրախուսում եմ գիտելիքը։ Եվ դա կարող է լինել տարբեր միջոցներով՝ գրքի կամ հոլովակի, կամ դասախոսությունների, կամ սեմինարների։
Լրագրող․ – Լեզվամտածողությունը գրքի ձեզ բավարարե՞լ է․․․
Նախարար․ – Այդ մասով եկեք գնահատական չտամ, որովհետև ճաշակները կարող են տարբեր լինել և հայերենի ընկալումն էլ կարող է տարբեր լինել։ Ես գրքի գրախոսությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում որևէ գրքի գրախոսությամբ զբաղվել։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն, որը Հայաստանում միակ իրավապաշտպան կազմակերպությունն է, որ մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց, կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը: Գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է լինում իր ամենօրյա գործունեության ընթացքում: ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով 2017թ. սեռական բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի 68% դեպքում տուժող են ճանաչվել 5-17 տարեկան անչափահասները: ՍԲՃԿ ջանքերով 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:
Միջոցառման հայտարարությունը տեղադրվել է սոցիալական ցանցերում, որի համաձայն, միջոցառման մասնակցությունը պետք էր նախապես հաստատել: Միջոցառումից մեկ օր առաջ Վահագն Չախալյանը ֆեյսբուք սոցիալական ցանցով տարածել է գրքի շապիկի նկարը և կոչ է արել միջոցառումից առաջ հավաքվել «Կամք» ՀԿ գրասենյակում՝ հետագա անելիքները տեղում որոշելու համար:
Միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը: Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլոք, ովքեր տևական ժամանակ ապատեղեկատվություն, սպառնալիքներ և ատելության խոսք են տարածում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կոչ են անում.
– ՀՀ իրավապահ մարմիններին՝ պատշաճ քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցած խուլիգանական արարքներին և հասարակական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտմանը, իրականացնել գործի արդյունավետ և օբյեկտիվ քննություն և պատժել բոլոր պատասխանատու անձանց,
– ՀՀ կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել կանխարգելելու և պատժելու իրավապաշտպան կազմակերպությունների և անհատների նկատմամբ հարձակումները և ատելության խոսքը և ապահովելու իրավապաշտպանների անխոչընդոտ գործունեությունը:
Հայտարարությունը բաց է միանալու համար: