Գլխավոր / Հայաստան / Գծատերերին լիցենզիայից զրկելը նվեր է՝ ոչ թե պատժամիջոց․ քաղաքապետ

Գծատերերին լիցենզիայից զրկելը նվեր է՝ ոչ թե պատժամիջոց․ քաղաքապետ

Ազգային ժողովում Երևանի քաղաքագլուխ Հայկ Մարությանը՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ․

Հայկ Մարության․ — Վարորդին աշխատանքից ազատելը կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետև սա մասնավոր գիծ է, և այդ ընկերությունն է որոշում կայացնում։ Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որոնք դրվում են բոլոր վարորդների նկատմամբ։

․․․Հանրային տրանսպորտը այս պահին 90 տոկոսով մասնավորին է պատկանում։ Ես անձամբ այս սխեմային դեմ եմ։ Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետք է կառավարի պետությունը։ Մենք արդեն ունենք պատրաստ ծրագիր, մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը կառավարությանը, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է քննարկվի վերջնական, այսինքն՝ բոլոր շահագրգիռ մարմինները պետք է ներկա լինեն։ Քննարկենք վերջնական այս ծրագիրը և արդեն սկսենք ի կատար ածել։

Այնտեղ, մեր պատկերացմամբ, մեծամասամբ, եթե ոչ լրիվ, տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական, ոնց ուզում եք անվանեք։

Գծատերերը, ես ձեզ վստահեցնում եմ, վերջին չորս տարվա մեջ ոչ մի ներդրում չեն անում գրեթե, որովհետև իրենք էլ սպասում են այս նոր տրանսպորտային համակարգին։ Ասեմ ավելին՝ մենք ունենք այս պահին գործող մոտ 900 միկրոավտոբուս, որոնցից 450-ը մյուս տարի դառնում են 15 տարեկան։ Օրենքով այս պահին արգելվում է, որ իրենք շահագործվեն։ Սա խոսում է այն մասին, որ գծատերերը ոչ մի ներդրում չեն անում։ Այսինքն՝ իրենք ապագա չեն տեսնում այստեղ։

Լրագրող․ — Ավելի ճիշտ չէր լինի՞ գծատերին լիցենզիայից զրկել, քան վարորդին գործից ազատել [վարորդի մասին, որին գործից ազատել են ու որը, պարզվել է, վկայական չի ունեցել]:

Մարության․ — Ես նորից եմ ասում, սա մասնավոր ընկերություն է, որը իր քաղաքականությունը վարում է։ Մենք իրավունք էլ չունենք սահմանադրությամբ մտնելու իրենց գործերի մեջ։ Մենք կարող ենք մեր լիազորությունների սահմաններում մեր գործողությունները իրականացնել։ Եթե դուք խոսում եք լիցենզիաներից զրկելու մասին, չասեմ ձեզ գաղտնիք, բայց ասեմ դառը ճշմարտություն, որ այսօր շատ և շատ մասնավորներ գալիս են, ասում են՝ խնդրում ենք, սիրելի քաղաքապետարան, վերցրեք գիծը մեզնից, չենք ուզում։ Ձեռք չի տալիս, մենք չենք ուզում սպասարկել այս գիծը։ Եվ դրանք քիչ չեն։ Այսինքն՝ այսօր, որ դուք ասում եք մենք զրկում ենք լիցենզիայից այս գիծը, ես ձեզ վստահեցնում եմ, որ սա իրենց համար նվեր է լինելու, ոչ թե պատժամիջոց։

Հիշեցնենք, որ օրեր առաջ բնապահպան Անի Խաչատրյանը Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է 46 համարի երթուղայինի վարորդը հրաժարվում հանգցնել ծխախոտը։ Ուղևորի հիշեցմանը, թե հանրային տրանսպորտում ծխելն արգելված է, վարորդը կոպիտ արձագանք է տվել և պահանջել իջնել երթուղայինից: Միջադեպի հանրայնացումից հետո ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, նրա նկատմամբ Վարչական արձանագրությունը է կազմվել՝ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար։ Վարորդը հեռացվել է աշխատանքից։