Home / Հայաստան / Ծնողներին շարունակում են հետապնդել՝ որդու հետ ցույցի վայրում հայտնվելու համար

Ծնողներին շարունակում են հետապնդել՝ որդու հետ ցույցի վայրում հայտնվելու համար

Այն բանից հետո, երբ օգոստոսի երեքին Մոսկվայի փողոցներում սկսեցին ծեծել և ձերբակալել ոչ միայն բողոքի ցույցի մասնակիցներին, այլև պատահական անցորդների, համընդհանուր պատկերացումներն այն մասին, թե բռնաճնշումների ինչ աստիճանի են ունակ ՌԴ ներկայից իշխանությունները, թեքվեցին դեպի վատթարագույնը։ Սակայն վերջին շաբաթների բոլոր անարդարությունները խամրեցին դատախազության՝ Դմիտրի և Օլգա Պռոկազովներին ծնողական իրավունքներից զրկելու մասին պահանջի ֆոնին։ Հուլիսի 27-ին ամուսինները ցույցի վայրում էին իրենց մեկ տարեկան որդու հետ, գրում է «Սվոբոդա» ռադիոկայանը։

Դատախազության կայքում օգոստոսի 6-ին հրապարակված հաղորդագրության մեջ ասված էր․ Հանրահավաքի ընթացքում ծնողներն իրենց փոքրահասակ երեխային, որն իր տարիքի բերումով անօգնական վիճակում էր, փոխանցել էին երրորդ անձի, ինչը վտանգել էր տղայի առողջությունն ու կյանքը, ինչպես նաև նրան ֆիզիկական և բարոյական վնաս է պատճառել։ Այսպես, ամուսինները, շահագործելով երեխային, չարաշահել են իրենց ծնողական իրավունքները՝ ի վնաս որդու շահերի։ Նշվածը դատախազի համար հիմք հանդիսացավ՝ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումը դատարան ուղարկելու համար։

Դատախազության պահանջը սոցցանցերում վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց։

Ռուսաստանյան իշխանական ԶԼՄ֊ներն այս թեմայով սյուժեներում շեշտում են, թե ծնողները երեխային փոխացնել են Մոսկվայի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված թեկնածուներից մեկի՝ Լյուբով Սոբոլի շտաբի աշխատակից Սերգեյ Ֆոմինին, որպեսզի նա, ոստիկանությունից փախչելիս, կարողանա «ծածկվել» երեխայով։ Ֆոմինն արդեն անցնում է հուլիսի 27-ի «զանգվածային անկարգությունների» վերաբերյալ հարուցված քրեական գործով՝ որպես «ցույցերի համակարգող»։ Դատախազության գործողությունների պաշտպաններից շատերը նախընտրում են չհիշատակել այն, որ Ֆոմինը երեխայի կնքահայրն է և մոր եղբայրը։

Ինքը՝ Ֆոմինը, մասնավորապես, այսպես է նկարագրում իրավիճակը․ Նրանք հեռուստացույցով արշավ են սկսել, իբր ես բողոքի «համակարգողն եմ»։ Ես իսկապես կոչ էի անում մարդկանց դուրս գալ ՕՄՈՆ֊ի մահակների տակից։ Հիմարություն կլիներ կանգնել ու ծեծվել ՕՄՈՆ֊ի կողմից։ Այնտեղից ես մոտ 1000 մարդու տարա՝ ձայնալարերս փչացնելով։ Ոչ֊ոք ինձ դրա համար չէր վճարում, ես որևէ քաղաքական կազմակերպության անդամ չեմ։ Ես պարզապես քաղաքացի եմ։ Եթե ձեզ համար բարդ է պատկերացնել, որ մարդը կարող է ինքնուրույն գործել, ոչ թե որևէ մեկի թելադրանքով, դա, նախ և առաջ, Ձեր մասին է խոսում, ոչ իմ 🙂 Այո, հին Արբատի վերջնամասում ընկերներս ինձ այդ երթից դուրս հանեցին, երեխայի համար նախատեսված ուսապարկը հագցրեցին, որի մեջ իմ մեկ տարեկան զարմիկն էր (ծիծաղում էի, բայց համաձայնեցի), որովհետև սկսել էին ինձ համար անհանգստանալ։

Դմիտրի և Օլգա Պռոկազովները մամուլի֊ասուլիսի ընթացքում պատմեցին, որ ցույցին մասնակցել չէին պատրաստվում․ նրանք քաղաքի կենտրոն էին եկել՝ զբոսնելու։ Որևէ շրջափակում, որից պետք էր «դուրս բերել» Ֆոմինին, իրենց խոսքով, չէր եղել․ իրենք ազատորեն միասին մետրո հասան։

Ավելի ուշ ընտանիքի փաստաբանը տեղեկացրեց, որ զանգվածային անկարգությունների գործով քննիչը ծնողներին ասելիք չունի, իսկ դատախազության կայքում տեղադրված հաղորդագրությունից անհետացել է մեղադրանքի այն մասը, որում խոսվում էր երեխային «ֆիզիկական և բարոյական վնաս պատճառելու» մասին։ Սակայն ամուսինների դեմ քրեական գործ է հարուցվել՝ երեխային վտանգի մեջ թողնելու և անչափահասի դաստիարակության հետ կապված պարտականությունները չկատարելու համար։ Ինչպես նաև նրանք դեռ վկաներ են՝ հուլիսի 27-ի վերաբերյալ գործի շրջանակներում։

Tekali Taxi