Home / Առողջապահություն / Արսեն Թորոսյանը պարզաբանեց «մի հայտնի ուռուցքաբանի կողմից կազմակերպված շոուն»

Արսեն Թորոսյանը պարզաբանեց «մի հայտնի ուռուցքաբանի կողմից կազմակերպված շոուն»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է «այսօր, երեկ և մոտավորապես մեկ տարի առաջ» ծագաց խնդիրներին, մասնավորապես, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին աշխատանքից ազատելուն։

«Իրադարձությունները զարգանում են այնպես, որ ստիպում են քեզ ասել այնպիսի բաներ, որոնք չէիր ցանկանա ասել։

Առաջինը․ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն լրագրողներից, ում հրավիրել էին այսօր ասուլիսի, որը փաստացի ամբողջությամբ չկայացավ մի հետաքրքիր շոուի պատճառով։ Ես պարզապես չէի կարող լարված մթնոլորտում կենտրոնանալ լրագրողների հարցերի վրա, դրա համար որոշեցի դադարեցնել ասուլիսը։ Իսկ ընդհանրապես ասուլիսները միշտ կազմակերպվել են և կկազմակերպվեն։

Ինչ վերաբերվում է մի շոուին, որը կազմակերպվեց մի հայտնի ուռուցքաբանի կողմից․․․ այն, որ դա շոու էր, կարծում եմ, կասկած որևէ մեկի մոտ չի առաջացնում, որովհետև այն թուղթը, որով նա եկել էր, պարզապես նույնիսկ ինքն էլ չգիտեր՝ մեջն ինչ ա գրված։ Հիմա որ կարդամ անհեթեթությունները, որ կարդացվել և ասվել են, ամեն ինչ պարզ կդառնա։

Նաև իմ անձնական կյանքին անդրադառնալը չեմ հասկանում՝ ինչ կապ ունի մտահոգ ուռուցքաբանի հետ, եթե նա մտահոգված է ուռուցքաբանության և իմ կողմից «անարդարությունների» հետ, ապա ի՞նչ կապ ունի իմ, ասենք, բանակում ծառայելու պաշտոնը, իմ անձնական առողջությունը կամ վերաբերմունքն այս կամ այն երևույթի նկատմամբ, բայց քանի որ դրա մասին խոսվեց, որոշ բաների ես կանդրադառնամ։

Առաջին բանը, որին անպայման ուզում եմ արձագանքել, դա մի թիվ է, որ 2․7 միլիարդ դրամ տվել եմ իմ կնոջ հիմնարկին։ Ասեմ, որ իմ կինը հիմնարկ չունի, այլ պարզապես տնօրեն է մի բժշկական հիմնարկի, որի մասին բազմիցս խոսել եմ [«Միբս» բժշկական կենտրոնի տնօրենն է Վարդանուշ Թևանյանը, նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր նախարար Թորոսյանը], և էս ամեն ինչի անհեթեթությունը կայանում է նրանում, որ նույնիսկ պարզ թվեր իրենք չգիտեն․ 2․7 միլիարդ դրամ չգիտեմ՝ որտեղից են վերցրել։

Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի միլիոն դրամ է և տարբեր բժշկական կենտրոններին՝ սկսած 5-ից 10 միլիոն դրամի շրջանակներում տրվել է՝ կապված հիվանդների հաճախելիությունից»։

Անդրադառնալով երեկվա իրադարձությանը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին պաշտոնից ազատմանը, Թորոսյանն ասաց, որ նույն բանն էր կատարվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ֊ի տնօրենի ազատման օրերին, նույնպես մեծ դիմադրություն կար «մտահոգ բժիշկների կողմից» «այն բանի հետ կապված, որ մենք սուպեր արդար և գերլավ կառավարչի ազատում ենք աշխատանքից, բայց դա մի այնպիսի կարևոր քայլ էր, որը նախադեպը չէր ունեցել ՀՀ առողջապահության մեջ։ Առանց անձնավորելու և անձնական ինչ֊որ մեղադրանքների դաշտ տանելու, եթե ես հնարավորություն ունենայի այս որոշումն ընդունել մեկ տարի առաջ, ես մեկ տարի առաջ կընդունեի, պարզապես այս կենտրոնը չէր գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության տակ, դրա համար որոշումը հիմա է ընդունվել»։

Նա հռետորական հարց է ուղղում հանրությանը՝ արդյոք մարդիկ գոհ էին Ուռուցքաբանության կենտրոնի աշխատանքից, ընդհանրապես։ Ըստ Թորոսյանի՝ ամենաշատ բողոքներն իրենք ստացել էին հենց այս կենտրոնի հետ կապված․ «Մի մասն օբյեկտիվ, մի մասը սուբյեկտիվ, բայց ամեն դեպքում էդ բողոքները նաև հիմք են մեր որոշումների կայացման համար, ինչպես նաև հիմք է մի իրադարձություն, որի վերաբերյալ ես արդեն հրապարակում եմ արել իմ էջում՝ կապված իրանական ներդրողների հետ։ Որը, ճիշտ է, էսօր ներկայացվեց, որ որևէ խնդիր չկա․․․ Իհարկե, չկա, որովհետև էդ 50 տոկոս փայաբաժինն, իմ տեղեկություններով, վերադարձվել է իրական սեփականատիրոջը, դրա համար քրեական հետապնդումը, հավանաբար, դադարեցվել է։ Ես կզարմանայի, եթե հակառակը լիներ։ Էնպես որ, որոշումը միանշանակ ճիշտ է»։

Tekali Taxi