Գլխավոր / Ազգային ժողով / Ուկրաինացի պատգամավորներն էլ անձեռնմխելի չեն

Ուկրաինացի պատգամավորներն էլ անձեռնմխելի չեն

Ձայների բացարձակ մեծամասնությամբ ուկրաինական Գերագույն Ռադան ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը։ 

Կողմ քվեարկեցին գոծող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» և նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունները, «Հայերնիք» և «Ձայն» կուսակցությունների պատգամավորների մեծամասնությունը, անկախ պատգամավորները։ Դեմ քվեարկեց ռուսամետ «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը։

Նախագահ Զելենսկին նույնպես ներկա էր նիստին։ Քվեարկությունից առաջ նա հանդես եկավ կարճ ելույթով՝ կոչ անելով պատգամավորներին ընդունել այս «պատմական որոշումը» և չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը։

«Խոսքը վերաբերում է բացառապես քրեական հանցագործություններին։ Որպեսզի հնարավոր լինի օրենսդիրին դատական կարգով պատասխանատվության ենթարկել, եթե նա մարդ է մեքենայի տակ գցում կամ, ասենք, հովանավորում սաթի արդյունահանումը։ Սա խորհրդարան է, ո՛չ թե դրախտավայր։ Կրկին հիշեցնում եմ․ պատգամավորները պատասխանատվության չեն ենթարկվելու քաղաքական ելույթների, քվեարկության համար, օրինագիծը վերաբերում է բացառապես կրիմինալին։ Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, ցանկը կարելի է շարունակել, օրենսդիրները անձեռնմխելիություն չունեն։ Դեռևս 2000 թվականի հանրաքվեով ուկրաինացիների 90 տոկոսը կողմ է արտահայտվել [անձեռնմխելիության] վերացմանը, մենք 20 տարի ձգձգել ենք։ Դիմում եմ պատգամավորներին․ խորհուրդ չեմ տալիս ձեզ ստուգել այս թվի իսկությունը,» – ասել է նախագահ Զելենսկին։

Քննարկման ընթացքում պատգամավորների մի մասը՝ աջակվելով օրինագծի ընդունմանը, մտահոգություն է հայտնել, որ փաստաթղթի քննարկումը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով, հաշվի չեն առնվել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի որոշ դիտարկումներ։

«Դա [նախագծի] ընդդիմախոսներին հնարավորություն կընձեռի դիմել Սահմանադրական դատարան և բողոքարկել որոշումը,» – նախազգուշացնում էին նրան։ Խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովը, սակայն, հակադարձում էր․ «Դա կեղծ փաստաբանություն է և գործընթացը ձգձգելու փորձ։ Մենք չենք կարող անտեսել ժողովրդի կամքը, անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը»։

«Ընդդիմադիր հարթակ» կուսակցությունը արդեն իսկ ակնարկել է, որ դիմելու է ՍԴ՝ անձեռնմխելիությունը վերացնող օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար։

Tekali Taxi