Home / Հայաստան / «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի մեղադրանքը լրացվել է․ ԱԱԾ

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի մեղադրանքը լրացվել է․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 08.10.2019թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել) առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որը կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

«Համաձայն փաստական տվյալների` նա, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր:

2019 թվականի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, մեղադրյալի նկատմամբ նախկինում որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է՝ նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս օգտվել պաշտոնական աղբյուրից՝ ստացված տեղեկությունների արժանահավատությունը ճշտելու համար», ֊ ասված է հայտարարության մեջ։

Tekali Taxi