Home / Հայաստան / Ընդդիմությունը միավորվեց ընդդեմ ռեժիմի և հանուն Ղարաբաղի վերադարձի

Ընդդիմությունը միավորվեց ընդդեմ ռեժիմի և հանուն Ղարաբաղի վերադարձի

Ադրբեջանում մի քանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ երեկ՝ նոյեմբերի 5-ին, համաձայնության են եկել ավտորիտար համակարգի դեմ պայքարում միասնական լինելու մասին, հայտնում է «Կավկազսկիյ ուզելը»։

Փակ հանդիպումը տեղի է ունեցել «Մուսավատ» կուսակցության նախաձեռնությամբ, իրենց իսկ գրասենյակում։ Հանդիպմանը մասնակցել են «Մուսավատի» նախագահ Արիֆ Հաջիլին, Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, Ազգային մարտավարական մտքի կենտրոնի ղեկավար, Ժողովրդական կուսակցության նախագահ, Ադրբեջանի նախկին վարչապետ Պանահ Հուսեինը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, Far Centre քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն և Turan տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը։

Արիֆ Հաջիլիի փոխանցմամբ, «կլոր սեղանի» մասնակիցների նպատակն էր խոսել երկրում ստեղծված հասարակական֊քաղաքական վիճակի մասին և ժողովրդավարական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ քայլեր մտածել։ «Ադրբեջանում նոր քաղաքական իրադրություն է, որը երկրում ժողովրդավարական փոփոխությունների նախապայման կարող է հյանդիսանալ», — հայտարարել է Հաջիլին։

Կլոր սեղանի մասնակիցները երեք ժամ տևած փակ քննարկում են ունեցել։ Հանդիպման արդյունքների հիման վրա մեմորանդում է ընդունվել՝ «իրավական ժողովրդավարական պետության կառուցման, Ղարաբաղի ազատագրման և ավտորիտար համակարգի դեմ պայքարի հարցում ֆունկցիոնալ համագործակցության» մասին։

Ստորագրածները ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանություններին հորդորեցին «իրենց քաղաքական պայքարում հետևել բարոյական և էթիկ նորմերին»։ Փաստաթղթի հեղինակները նաև կոչ արեցին միջազգային կազմակերպություններին «աչք չփակել Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակման դեպքերի վրա, ավելի գործուն քայլեր ձեռնարկել կառավարության կողմից երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը հետևելու ուղղությամբ»։

Որպես ամփոփում, մեմորանդումի ներքոստորագրյալները իշխանություններից պահանջեցին «հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, վերջ դնել կոռուպցիային, լսել ժողովրդի ձայնը»։

Tekali Taxi