Home / Հայաստան / Իրանի ուժայինները չեն տալիս ցուցարարների դիակները

Իրանի ուժայինները չեն տալիս ցուցարարների դիակները

Իրանի 21 քաղաքներում սպանվել են նվազագույնը 106 ցուցարարներ, հայտնում է Ամնեսթի Ինթերնեյշընըլ իրավապաշտպանական գործակալությունը։ «Սպանությունների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Որոշ զեկույցներում խոսվում է 200 սպանվածների մասին»,֊ ասվում է գործակալության զեկույցում։

Կառավարությունը չի շտապում պաշտոնապես արձագանքել սպանությունների հետ կապված լուրերին։ Կիսապաշտոնական ISNA լրատվական գործակալությունը երկուշաբթի հայտնել էր ցուցարարների կողմից երեք ոստիկանների սպանության մասին։

«Մեր ստացած տեղեկությունները ցույց են տալիս, որ նախկին նմանատիպ փորձերի արդյունքում ձևավորված կաղապարի նմանությամբ, ուժայիններն այս անգամ ևս հրաժարվում են ընտանիքներին վերադարձնել սպանվածների դիակները, վերադարձնելու դեպքում էլ հաճախ ստիպում են արագ կազմակերպել հուղարկավորությունը՝ առանց աղմուկի և անգամ առանց պատշաճ դիահերձման, ինչն իհարկե հակասում է միջազգային օրենքներին և ստանդարտներին»,֊ պատմում է Ամնեսթի Ինթերնեյշընըլի հետազոտող Ռահա Բեհրեինին։

Նոյեմբերի 15-ից սկսած Իրանում լայնածավալ բողոքի ակցիաներ են՝ կապված բենզինի գների ավելի քան 50 տոկոսով բարձրացման հետ։ Սուբսիդիաների կրճատումն արվում է աղքատ իրանցիների համար կանխիկ գումարի հավաքագրման նպատակով, ինչը, սակայն, ազդում է ողջ բնակչության վրա։