Home / Դատարան / Հին իրավական համակարգի դեմ պայքարը մեկնարկել է

Հին իրավական համակարգի դեմ պայքարը մեկնարկել է

«Ռեստարտ» նախաձեռնության որոշ անդամներ «Նոր Հայաստան` առանց հին իրավական համակարգի» կարգախոսով արշավ են սկսել, որի ընթացքում նախատեսվում է հանդիպումների շարք` ՀՀ-ում արդարադատության համակարգի պատասխանատուների հետ։ 

Այսօր՝ ժամը 12։00-ից, «Ռեստարտի» մի քանի անդամներ ոստիկանության գլխավոր մասնաշենքի դիմաց հանդիպում են պահանջել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, ով ի վերջո համաձայնել է հանդիպել նախաձեռնության մասնակիցների հետ։ Հանդիպումը, սակայն, ընդհատվել է, քանի որ ոպաշտոնակատարը չի համաձայնել հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ իրականացնել։

«Ռեստարտի» անդամները բազմիցս հայտարարել են, որ արշավի ընթացքում բոլոր հանդիպումները կրելու են հանրային բնույթ, այսինքն՝ կամ հեռարձակվելու են ուղիղ եթերով, կամ տեսաձայնագրվելու են։

Երեկ արշավի մասնակիցները հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի մոտ։ Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հիշեցրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, վիդեոբլոգեր Նարեկ Մալյանի մասին, ով տևական ժամանակ սոցցանցերով հայհոյում, վիրավորում էր ուսանողական նախաձեռնության անդամներին, ինչին ի պատասխան՝ իրավապահ կառույցների անգործության ֆոնին, ուսանողները Մալյանին փորձել էին նետել աղբարկղը։ Արշավի մասնակիցներն ուզում էին իմանալ, թե ինչու որոշ տեսանյութեր կցված չեն քրեական գործերին, ինչու բացահայտված չեն այն մարդիկ, ովքեր դեռ գործողությունը չսկսած արդեն նկարում էին․ «ԱԱԾ֊ն պարտավոր է պարզել, թե ովքեր են կանգնած սոցիալական ցանցերում ատելության խոսք տարածող ֆեյքերի հետևում, ինչպես են այդ ֆեյքերն աշխատում, ինչու են այդ ֆեյքերը գիշերն ակտիվանում։ ․․․Իրավապահ մարմինենրը սովորություն ունեն վիդեոբլոգերներ պահել, որոնց մոտ հաճախ հայտնվում են շատ սենսացիոն տեղեկություններ , որոնք արագ համեմվում են ստերով ու զրպարտություններով։ Մենք պատրաստվում ենք ԱԱԾ֊ին թուղթ փոխանցել, որի վրա կգրեն իրենց բլոգերների անունները։ Մենք չենք պատրաստվում մեր այս ասածները հաստատել դատարանում։ Տվյալ կառույցը պետք է ինքը ապացուցի, որ իրոք մտահոգված է քաղաքացիների անվտանգությամբ»։

«Հին ոստիկանական համակարգի հիմնական գործիքակազմը խոշտանգումներն ու ծեծն են եղել։ Նախկինից ժառանգած կադրերով ոստիկանական համակարգը չի կարող գործել։ Կարևոր է, որ քաղաքացիները վստահեն իրենց անվտանգության ապահովմամբ զբաղվող կառույցներին»,֊ նշել է նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը։

Նախաձեռնության մասնակիցները քաղաքացիներին կոչ են արել կապնվել իրենց հետ և պատմել իրավապահ մարմինների հետ կապված դժգոհությունների մասին։

Tekali Taxi