Home / Բանակ / Ադրբեջանում զինծառայողների մեծ մասը զոհվել է ոչ մարտական պայմաններում

Ադրբեջանում զինծառայողների մեծ մասը զոհվել է ոչ մարտական պայմաններում

Երեկ սրտանոթային անբավարարությունից մահացել է Ադրբեջանի Զինված ուժերի սպա Աբաս Մելիքզադեն։ Պաշտպանության նախարարության տվյալներով, սպան վատ է զգացել, դիմել է զորամասի բուժկետ, որտեղից ուղարկել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։

«Խազար» ռազմական հետազոտությունների կենտրոննի փոխանցմամբ, մինչև դեկտեմբերի 4-ը Ադրբեջանում զոհվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում ծառայող 46 մարդ։

9 զինվորականներ զոհվել են սահմանին՝ հայկական կողմից հրաձգության պատճառով, 4-ը՝ հիվանդություններից, 3-ը՝ դժբախտ պատահարների արդյունքում։

12 զինվորական մահացել է չճշտված հանգամանքներում, 7-ը՝ ավտովթարների հետևանքով, ևս 4-ը՝ ռումբերի կամ արկերի պայթյունների արդյունքում։

Երկուսը մահացել են անզգուշության հետևանքով, մեկը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում։ Երկու զինվորական ինքնասպանություն են գործել, ևս մեկը մահացել է սահմանախախտների հետ հրաձգության արդյունքում։

Զոհվածներից 24-ը զինվորներ էին, 5-ը՝ ենթասպաներ ու սերժանտներ, 12-ը՝ սպա, 5-ը՝ գերաժամկետիկներ (պայմանագրային զինծառայող)։

Զոհվածներից 40-ը Պաշտպանության նախարարության ծառայող էին, 6-ը՝ Սահմանապահ ծառայության։ ՊՆ֊ն 28 մահացածների մասին որևէ տեղեկատվություն չի փոխանցել, Սահմանապահ ծառայությունը վեց զոհերից միայն երկուսի մասին է հայտնել։

Նույն ժամանակահատվածում տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել 18 զինծառայողներ․ 5-ը հայկական կողմի հետ հրաձգության արդյունքում, 8-ը՝ ռումբերի պայթյունի հետևանքով, 4-ը՝ սահմանախախտների կողմից կրակոցների պատճառով։ Եվս մեկ մարդ վիրավորվել է չճշտված հանգամաքներում։

Tekali Taxi