Home / Մարզեր / Իշխանությունը «փափկել է», հոնկոնգցիները համաներում են պահանջում

Իշխանությունը «փափկել է», հոնկոնգցիները համաներում են պահանջում

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Հոնկոնգում հարյուր հազարավոր մարդիկ հակակառավարական երթի էին դուրս եկել․ որոշ հաշվարկների համաձայն, երթին մասնակցել են ավելի քան 800 հազար քաղաքացիներ, իշխանությունների պնդմամբ հանրահավաքի դուրս է եկել 183 հազար ցուցարար։

Ոստիկանությունն առաջին անգամ Հոնկոնգի ժողովրդավարամետ «Քաղաքացիական իրավունքների ճակատին» պաշտոնապես թույլատրել է երթ իրականացնել։ Նախօրեին իշխանությունները հայտարարություն էին հրապարակել, որում կոչ էին անում պահպանել խաղաղ հավաքների իրականացման սկզբունքները և հայտնում էին, որ «դասեր են քաղել և պատրաստ են լսել հանրության կարծիքն ու ընդունել իրենց հասցեին քննադատությունը»։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներն իրենց հերթին հայտարարել են, որ իշխանություններին վերջին հնարավորությունն են տալիս կատարելու իրենց պահանջները․ ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ապօրինի գործողությունների անկախ հետաքննություն, բերման ենթարկված ցուցարարների համաներում, ազատ ընտրություններ։

Վերջին ամիսների ընթացքում Հոնկոնգում ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, բախումների արդյունքում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու ոստիկաններ։ Կիրակնօրյա երթը խաղաղ է անցել։