Դեկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, Երևանում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։
ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:23-ի դրությամբ Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար`անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։