հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / մարտի-1 / «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով (Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով), հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Քանաքեռում գտնվող իր գրասենյակ էր հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժածներից մեկին ու առաջարկել գումարի և իշխանափոխությունից հետո պաշտոն ստանալու դիմաց հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

Մկրտչյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին հարվածելու  գործով մեղադրանք էր առաջադրվել նաև քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: