Home / Դատարան / Գեյ Հիսուսից վրդովված ահաբեկիչը փախավ Ռուսաստան

Գեյ Հիսուսից վրդովված ահաբեկիչը փախավ Ռուսաստան

Բրազիլիայի գերագույն դատարանը չեղարկել է «Քրիստոսի առաջին փորձությունը» կատակերգությունը Netflix-ի ֆիլմադարանից ջնջելու մասին նախկինում կայացված որոշումը։

Հունվարի 9-ին Ռիո դե Ժանեյրոյի դատարանի որոշմամբ Հիսուսին որպես նույնասեռական ներկայացնող ֆիլմը պետք է ջնջվեր հեռարձակային ալիքից։ «Քրիստոսի առաջին փորձությունը» ֆիլմը զայրացրել էր տեղի քրիստոնյաներին։ Ֆիլմը արգելելու ստորագրահավաքին միացել էր ավելի քան երկու միլիոն մարդ։

Ֆիլմի ստեղծագործական խմբի՝ Porta dos Fundos ընկերության վրա հարձակում են գործել։ Շինության ուղղությամբ այրվող նյութերով շշեր են նետել։ Գործն այժմ քննվում է ոստիկանությունում։ Բրազիլական ԶԼՄ֊ների տվյալներով, հանցագործներից մեկը կապեր ունի Ռուսաստանի հետ և այժմ թաքնվում է ՌԴ տարածքում։

Գերագույն դատարանի նախագահ Դիաշ Տոֆոլին քաղաքային դատարանի որոշումը չեղարկելու վճիռը մեկնաբանել է ժողովրդավարության հիմքերին հավատարմությամբ․ «Չի կարելի մտածել, որ երգիծական կատակերգությունը կարող է թուլացնել քրիստոնեական դավանաբանությունը, որը գոյություն ունի ավելի քան 2000 տարի և որին հետևում է Բրազիլիայի բնակչության մեծամասնությունը»։

Ռիոյի քաղաքային դատավոր Բենեդիկտ Աբիքաիրը, ով կայացրել էր ֆիլմի արգելքի մասին նախնական որոշումը, հայտարարել է, որ այս ֆիլմի ցուցադրությունն ավելի վնասակար կարող է լինել ժողովրդավարության համար, քան՝ արգելքը։

Կարծիք կա, որ ֆիլմի ցուցադրության սկզբնական արգելքի նպատակը հավատացյալների զայրույթը մեղմելն էր։

«Քրիստոսի առաջին փորձությունը» կատակերգությունը նկարահանվել է Սուրբ Ծննդյանն ընդառաջ։ Ֆիլմի հեղինակները՝ Porta dos Fundos ստեղծագործական խումբը, մասնագիտացած են կատակերգական ֆիլմերի արտադրության վրա, արժանացել են մի շարք մրցանակների։

Տեսարանը, որում Հիսուսը իր բոյֆրենդին տուն է հրավիրում ծնողների հետ ծանոթացնելու, զայրացրել է Բրազիլիայի կաթոլիկներին։

Porta dos Fundos ընկերության Ռիոյի գրասենյակի վրա այրվող նյութերով շշեր են նետել։ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Էդուարդ Ֆաուզի Սերկիզիի նկատմամբ, ով 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսաստան է մեկնել։

Կինոընկերության տեսախցիկները ֆիքսել են հարձակում գործած յոթ դիմակավոր անձանց։ Նրանցից մեկը՝ Ֆաուզին, հեռանալիս հանել է դիմակը։

Ֆաուզին նախկինում ապրել է Ռուսաստանում։ Բրազիլական լրատվականների տվյալներով ռուս կնոջից երեխա ունի։ Բրազիլիայում անդամակցել է մի շարք ծայրահեղական կազմակերպությունների, Ռուսաստանում տարիներ առաջ հանդիպել է աջ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինին, տանը ուներ նրա գրքերից։

Սկզբում Ֆաուզին կապ էր հաստատել բրազիլացի լրագրողների հետ ու հայտնել, որ պատրաստվում է Ռուսաստանում քաղաքական ապաստան հայցել։ Ավելի ուռշ սակայն, փոխանցել է, որ պատրաստվում է վերադառնալ ու կրել պատիժը։

Globo մեդիաընկերության հաղորդմամբ, բրազիլական իշխանությունները հունվարի սկզբին կապնվել են Ռուսաստանի հետ Ֆաուզիի արտահանձնման հետ կապված։ Բրազիլիայի արդարադատության նախարարությունն այս ինֆորմացիան չի հաստատել։

Tekali Taxi