Հունվարի 11-ին Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, վրաերթի են ենթարկվել սանմաքրում և աղբահանություն իրականացնող համայնքային կազմակերպության երկու աշխատակից։ Կա մեկ զոհ և մեկ վիրավոր, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։
ԱԻՆ փոխանցմամբ, այսօր՝ ժամը 00:26-ի սահմաններում, «Lada 112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Հ.) բախվել է կայանած փողոցների սանմաքրման աշխատանքներ իրականացնող «ԿամԱԶ»-ին՝ վրաերթի ենթարկելով աշխատակից Ասյա Ս.-ին (ծնված 1954 թ.) և մոտ 50 տարեկան կնոջ, ով տեղում մահացել է:
Ասյա Ս.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Երթևեկելի մասի մաքրման աշխատանքներն իրականացնող հավաքարարները պարբերաբար են ենթարկվում վրաերթերի։ Այս հարցը շարունակում է մնալ չլուծված։ Երևանի քաղաքապետարանը խոստացել էր առաջիկայում՝ «անհրաժեշտ տեխնիկակական համալրումները կատարելուց հետո» փողոցների մաքրման աշխատանքները կկատարվեն փոշեկուլ մեքենայով, իսկ հավաքարարները հիմնականում կզբաղվեն բակային տարածքների մաքրման աշխատանքներով։