ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան՝ նախնական տվյալներով, ինքնասպանության գործով մշակվել է քննչական և դատավարական գործողությունների պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասնեյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի: Այս մասին «Ֆեյսբուք»֊ի միջոցով հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
«Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:
Հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան:
Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:
Հետագայում, Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:
Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:
2020 թվականի հունվարի 17-ին Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:
Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է», ֊ մասնավորապես, ասված է գրառման մեջ։