Գլխավոր / Մեդիա / Հրայր Թովմասյանի դստերը թիրախավորած ՔՊ-ականը վայր դրեց մանդատը

Հրայր Թովմասյանի դստերը թիրախավորած ՔՊ-ականը վայր դրեց մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանը խմբակցության այսօրվա նիստից հետո վայր դրեց իր մանդատը։

Ավագանու իշխանական բլոկի այսօրվա արտահերթ նիստին քննարկվել է Հարթենյանի ֆեյսբուքյան հրապարակումը, որում նա՝ տեղադրելով Սառա Թովմասյանի ֆեյսբուքի էջի նկարը, գրել էր. «Հրայր Թովմասյանի աղջկա ֆբն ա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։

Նիստից հետո հանյտարարությամբ է հանդես եկել նաև Երևանի ավագանու «Իմ քայլը խմբակցությունը»։

«Քննարկման արդյունքում խմբակցությունը ցանկանում է ևս մեկ անգամ արձանագրել, որ մերժելի է համարում ատելության խոսքի և բռնության ցանկացած դրսևորում, ընտանիքի անդամներին թիրախավորելու և նմանատիպ գործիքակազմի կիրառումը։ Նշվածը մեզ համար անընդունելի է հատկապես, եթե կատարվել է մեր թիմի անդամների կողմից՝ ուղղակիորեն հակասելով քաղաքական թիմի որդեգրած արժեքներին։

Կարևորելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը՝ խմբակցությունը հորդորել է Հենրիկ Հարթենյանին հանդես գալ ներողության խոսքով և վայր դնել մանդատը», – ասված է խմբակցության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ միջադեպին անդրադարձել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողով, որը ևս անընդունելի էր համարել Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը և նշել՝ այն «միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին»․ «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են։ Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»։

 

Tekali Taxi