Home / Հայաստան / Բուզանդի շինությունները գնահատվել և օտարվել են հանցավոր խախտումներով

Բուզանդի շինությունները գնահատվել և օտարվել են հանցավոր խախտումներով

Ուսումնասիրվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ընթացքում Երևան քաղաքի Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 2 շինությունների շուկայական արժեքի վերագնահատման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը: 

Պարզվել է, որ Կառավարության կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել նշված հասցեում գտնվող շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող N1 շինության 210.4 քառ. մետր և N2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած հողամասից համապատասխանաբար 78.9537 ք/մ և 38.7249 ք/մ մակերեսներով` բաժնային մաս համարվող հողամասերը: Դրա հիման վրա 2018թ. մայիսին գույքն ուղիղ վաճառքով օտարվել է:

Առկա փաստաթղթերով պարզվել է, որ 2017թ. մայիսին ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հասարակական նշանակության շինությունները գնահատվել են առանց տեղազննության կատարման, իսկ շուկայական արժեքը որոշվել է 2014թ. ելակետային տվյալների և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի միջինացված արժեքի վերաբերյալ գնահատող եզրահանգումների հիման վրա:

Մինչդեռ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի համաձայն՝ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի անշարժ գույքի գնահատման և տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը, ինչպես նաև անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը:

Արդյունքում՝ պետական սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության շինություններն օտարվել են իրենց կադաստրային արժեքից զգալի չափով պակաս գնով: Պարզվել է նաև, որ մինչև գույքի օտարումը նշված հասցեում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որոնք իրենց կարգավիճակով, ըստ էության, հանդիսացել են ինքնակամ շինություններ, քանի որ կադաստրային գործում դրանց շինարարական ավարտի փաստագրման մասին ավարտական ակտ առկա չէ:

Ավելին՝ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո վերոնշյալ հասցեներում գտնվող տարածքների վերագնահատում չի իրականացվել: Այսպիով, 2018թ. պետական գույքն օտարելիս դրա շուկայական արժեքը գնահատվել է 3 տարվա վաղեմության տվյալների հիման վրա՝ առանց տեղազննության կատարման, ինքնակամ շինությունների առկայության պայմաններում, առանց դրանց կարգավիճակի վերաբերյալ սահմանված կարգով որոշման կայացման և գույքի փոփոխությունների արդյունքում առանց դրանց շուկայական արժեքի վերագնահատման:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք են բերվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս պատճառելու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ տվյալներ։ Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Tekali Taxi