Home / Հայաստան / Կողմնորոշումը չի խանգարում Հայաստանին ու Վրաստանին․ վարչապետեր

Կողմնորոշումը չի խանգարում Հայաստանին ու Վրաստանին․ վարչապետեր

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը մարտի 3-ին քննարկում էին տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, կրթության, գիտության ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները։ Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր համագործակցության համար»։

Փաշինյանը խոսեց երկու երկրների միջև համագործակցությանը նպաստող նոր գործոնների մասին․ «Դա նախևառաջ ժողովրդական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ։ Հիրավի, ժողովրդավարության հաղթանակն ու օրենքի գրակայությունը նոր հորիզոններ են բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար»։

Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանային հակամարտություններին ու նշել, որ խաղաղ բանակցությունների այլընտրանք պարզապես չկա․ «Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները։ Այս առումով կարևորում եմ միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքերի պահպանումը»։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ևս խոսել է Հայաստանի ու Վրաստանի դարավոր բարեկամության մասին։

«Տարածաշրջանի ժողովրդավարացման հարցը ծայրահեղ կարևոր է տնտեսական, մշակութային և կրթական ոլորտների զարգացման համար։ Վրաստանի քաղաքացիների Եվրոատլանտյան ինտեգրացիայի որոշումը պատկանում է քաղաքացիներին և երկիրը սահուն կերպով շարժվում է այդ ուղղությամբ։ Մենք համաձայնել ենք, որ չնայած արտաքին քաղաքականության տարբեր կողմնորոշումների, մեր երկրների մեջ տարաձայնություններ լինել չեն կարող և մենք համագործակցությունը շարունակում ենք ընկերական ձևաչափով»,֊ ասել է Գախարիան։

Նիկոլ Փաշինյանը Վրաստան մեկնել էր երկօրյա պաշտոնական այցով։ նա հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Հանդիպումներ են նախատեսվում խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի և կաթողիկոս Իլիա Երկրորդի հետ։