Փետրվարի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Վահագն Աբգարյանին (հայտնի «Ալավերդցի Վահագի» արտերկում բնակվող օրենքով գողերից մեկի պատվերով ծեծի ենթարկելու (ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ նաև դանակահարելու) դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը։
«Ըստ ձեռք բերված տվյալների, 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ապօրինի դուրս է բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ հարկաբաժնի խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ», – գրված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում։
Կատարվում է նախաքննություն:
Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնությունների, Դատախազության, Քննչական կոմիտեի և Քրեակատարողական հիմնարկի վարչակազի անգործության, բանտային ղեկավարության և օրենքով գողերի միջև հարաբերությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։