Home / Ազգային ժողով / ՀԿ֊ներն այսուհետ պարտավոր են հրապարակային հաշվետվություն ներկայացնել

ՀԿ֊ներն այսուհետ պարտավոր են հրապարակային հաշվետվություն ներկայացնել

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, համաձայն որի, հասարակական կազմակերպությունները պետք է հրապարակային հաշվետվություն ներկայացնեն, անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե՝ ոչ (89 կողմ, 14 դեմ, 3 ձեռնպահ):

Գործող օրենքով հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունը սահմանված էր միայն հանրային միջոցներ ստացող հասարակական կազմակերպությունների համար։ Նոր օրենքի նախագծով բոլոր ՀԿ֊ները պարտավորվում են հրապարակել իրենց հաշվետվություններն օնլայն եղանակով՝ taxservice.am կայքում։

Օրենքի նախագծի մասին ԱԺ դահլիճում բացասաբար խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը․ «Որոշակի անհանգստություն կա հասարակական կազմակերպությունների շարքում, ընդ որում այնպիսի կազմակերպություններ են այդ անհանգստությունն արտահայտել, որոնք միշտ թափանցիկ են գործում և ըստ էության առանց օրենքի արդեն այս օրենքի պահանջները կատարում են, մի բան էլ ավել։ ․․․ Հայաստանում հասարակական կազմակերպությունները տարիներով թիրախավորվել են իշխանության կողմից։ Ոչ ժողովրդավար երկրներում նման կարգավորումները կարող են օգտագործվել ՀԿ֊ների դեմ»։ Զոլյանը մտավախություն հայտնեց, որ հինգ տարի հետո Հայաստանում կարող է նոր իշխանություն ձևավորվել, որն այս օրենքը կկարողանա օգտագործել որպես հասարակական կազմակերպությունների աշխատանքին խոչընդոտելու միջոց։