հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Չտեղափոխե՛լ սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ․ հայտարարություն

Չտեղափոխե՛լ սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ․ հայտարարություն

Հայաստանի մի խումբ լրատվամիջոցներ, մամուլի ակումբներ և հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արդարադատության նախարարության կողմից e-draft.am կայքում տեղադրված Քրեական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ․

«ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացրել լրագրողական շրջանակներում։ Մասնավորապես՝ սուտ մատնությանը վերաբերող 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախարարության պարզաբանումն առ այն, որ սույնով նպատակ չի հետապնդվել թիրախավորել լրատվամիջոցներին ու լրագրողներին։

Այդուհանդերձ, հայտարարում ենք, որ սուտ մատնությունը՝ որպես հանցանք, ԶԼՄ-ների դաշտ տեղափոխելը նախկինում չկիրառված (գործող Քրեական օրենսգրքում այն բացակայում է) և այժմ որևէ անհրաժեշտությամբ չպայմանավորված նորամուծություն է, որը կարող է լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունն ու խոչընդոտել լրագրողական գործունեությունը։

Ավելին, դա նաև կկաշկանդի լրագրողական աղբյուրներին՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ խորհրդապահական եղանակով արժեքավոր տեղեկություններ տրամադրելու հարցում։ Ի վերջո, եթե նույնիսկ լրատվամիջոցում հրապարակվում են հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություններ, ապա այդ խնդիրը լիովին կարող է լուծվել քաղաքացիաիրավական կարգավորմամբ՝ զրպարտության համար պատասխանատվությամբ, այլ ոչ թե գործը հասցնելով քրեական հետապնդման՝ ներառյալ ազատազրկման։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք նախագծի հեղինակներից չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ և 443-րդ հոդվածից հանել «․․․կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը» հատվածը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ»։