Ապրիլի 30-ի առավոտյան 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 2066 դեպք, որոնցից 929-ը՝ արդեն ապաքինված, 32-ը՝ մահվան ելքով։ Անցած մեկ օրվա մեջ հաստատավել է 134 նոր դեպք, բուժվել է 26 քաղաքացի, մահացել՝ 2-ը։ Այժմ ակտիվ բուժման մեջ է 1103 հոգի։
«Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակման ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք ընդամենը վեց քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59», – Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ դեռ 5-6 օր հնարավոր կլինի ներկայիս ռազմավարությամբ աշխատել, բայց իրադարձությունների զարգացման այսպիսի սցենարի դեպքում առողջապահական համակարգը շուտով կդադարի հոսպիտալացնել ասիմպտոմ դեպքերով քաղաքացիներին․
«Ենթադրում եմ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել, չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ փոխկապակցված անձինք։ Այսինքն մենք չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան վարակված քաղաքացի կլինի, հնարավոր է՝ ավելի քիչ լինի։
Փոխկապակցվածության հանգամանքը մտահոգիչ է։ Մի դեպք ունենք, որից մենք փաստացի միշտ փորձել ենք խուսափել։ Դա հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցությունն է եղել, երբ այլ անձինք են վարակվել։ Դրա համար նորից պետք է կոչ անենք նման արարողություններին փոքրաթիվ անձանցով մասնակցել և չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինայնն իր հերթին նշեց, որ նոր պայմաններում առողջապահական համակարգը կկարողանա սպասարկել մոտ 1500 ծանր դեպքի, իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենա։
Ըստ Պարետ Տիգրան Ավինյանի այս փաստերը չեն փոխում պարետատան պլանները։ Մայիսի 4-ից փոփոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը։ Կրթական համակարգը մշակույթի և զվարճությունների ոլորտը շարունակելու են փակ մնալ, սակայն մշակող արդյունաբերության ոլորտը վերագործարկվելու է, վերագործարկվելու են խանութների որոշ տեսակներ։
«Այնուամենայնիվ վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել։ Դեռևս կարծում եմ նման փոփոխությունների կարիք չկա, բայց մոտակա օրերի թվերը, նաև վարակակիրների շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշում կայացնել», ֊ ավելացրեց պարետը։
Նշենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ արվել է 21125 թեստ։ Երեկ արվել է 93-ը։ Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը 73, 81, 69, 62, 59, 65, 134֊ն են, մահացած մարդկանց տարիքը՝ 47, 55, 58, 62, 65, 65, 66, 67, 67, 68, 68, 69, 71, 72, 72, 73, 73, 75, 78, 78, 80, 80, 81, 81, 82, 84, 86, 87, 88, 89, 90, 93: