«Կորոնավիրուսի տարածման տեմպը, նույնիսկ եթե բացարձակ թվերով ենք նայում, ավելանում է, բայց տոկոսներով՝ նույնն է», ֊ երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորասյանը։
Նախարարը նշեց, որ օջախները բազմազան են․ «Երբ մարտի կեսերին բռնկումներ ունեինք, հստակ ուրվագծված էին մեկ, երկու, հետո՝ երեք օջախներ։ Սակայն վիրուսի տարածումը այդ օջախներից դուրս եկավ, և այժմ համաճարակաբանական հետազոտության յուրաքանչյուր դեպք արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներից են, ու մենք չենք կարողանում գտնել կապը առաջին օջախների հետ»։
Թորոսյանի կարծիքով այդ երևույթը բնական է, քանի որ շատ են նաև ասիմպտոմ դեպքերը, այսինքն վարակը կարող էր փոխանցվել մարդուց, ով ամենևին չի իմացել, որ ինքը վարակակիր է, չի ունեցել նույնիսկ ջերմություն, չի դիմել բժշկի, բայց հանդիսացել է մարդկանց վարակելու աղբյուր։
Նախարարության ուժերն այժմ կենտրոնացված են նաև բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը դադարեցնելու, բժիշկներին, ինչպես նաև բժշկական կենտրոններում բուժվող այլ պացիենտներին պաշտպանելու ուղղությամբ․ «Մենք գիտենք, որ Իտալիայում մահերի մեծ թիվը նաև նրանով էր պայմանավորված, որ բժիշկներն էին վարակում իրենց պացիենտներին»։
Շատ կարևոր է այս թվերի մեջ մարդկանց շարժունակությունը։ Թորոսյանը նշեց, որ բաց տնտեսվարման ձևերը, փողոցային, միջմարզային և ներքաղաքային շարժը անխուսափելիորեն բերելու է թվերի մեծացմանը․ «Սահմանափակող գործողության ամբողջ իմաստն այն է, որ եթե որևէ մեկը հիվանդ է, ապա նա լինի ուրիշներին չվարակող հիվանդ կամ, լավագույն դեպքում, օրինակ, իր ընտանիքի անդամները միայն վտանգի տակ լինեն, որոնց էլ մենք կհայտնաբերենք, կբուժենք կամ կմեկուսացնենք։ Բայց աճող շարժունակությունը նաև բերում է նոր դեպքերի, ինչը մենք էլ ենք տեսնում և պատրաստվում ենք հաջորդ սցենարին»։
Հաջորդ սցենարով ոչ բոլորը կհոսպիտալացվեն և ոչ բոլորը կպահվեն հյուրանոցներում։ Թորոսյանն ասաց, որ հնարավոր է գնան մյուս երկրների օրինակով, և թեթև, ասիմպտոմ դեպքերը մեկուսացվեն տներում։ Նրա կարծիքով դա նույնպես վտանգավոր է, քանի որ տնային կլաստերային դեպքեր կարող են արձանագրվել, բայց դա զարգացման միակ հնարավոր ուղղությունն է․ հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում․ «Այս դեպքում մեր միակ խնդիրը կլինեն միջին և ծանր դեպքերը»։
Թորոսյանն, անդրադառնալով նախարարության աշխատանքներին, ասաց, որ իրենց գնահատականը նաև այն է, որ այսօր շատ ծանր դեպքեր չկան, իսկ մահացության ցուցանիշները, այլ երկրների հետ համեմատած, բավականին ցածր են։
Հաղորդավարը հիշեցրեց, որ այժմ Վարդենիսում կա 56 դեպք, այն փակ է մինչև ապրիլի 28-ը, իսկ Կոտայքի մարզում 225 վարակվածներ կան։ Հարցին, թե արդյո՞ք սա չի խոսում օջախների բազմազանության մասին, նախարարը համաձայնեց, սակայն նշեց, որ հարցը միայն աշխարհագրական բազմազանությունը չէ, այլ կա նաև համաճարակաբանական բազմազանության խնդիր։
«Միայն աշխարհագրական բազմազանությունը լավ է, որովհետև տեղային սահմանափակումներ կիրառելով՝ հնարավոր է այն լոկալացնել։ Բայց եթե, օրինակ, վերցնենք Երևան քաղաքը և Երևան քաղաքում իրար հետ կապ չունեցող դեպքերի բազմազանությունն, ապա դրանցով պրակտիկորեն, որպես ամբողջություն, հնարավոր չէ զբաղվել։ Դրանցով պետք է զբաղվել որպես անհատական դեպքեր, ինչը մենք անում ենք։
Մինչ օրս յուրաքանչյուր հաստատված դեպքի հետևից մենք գնում ենք։ Ես չեմ ուզում իհարկե, որ գա այդ օրը, բայց գալու է մի օր, որ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից, այդ թվում նաև իմաստ չի ունենալու փակել որևէ բնակավայր»։
Ըստ նախարարի այս պահին մեկուսացման մեջ է մոտ 2200 հոգի և մոտավորապես 2000 հոգի էլ արդեն դուրս է եկել մեկուսացումից։ Ինքնամեկուսացման մեջ են մոտ 3000 հոգի։ Նրա կարծիքով, երբ խոսքը գնում է տասնյակ հազարի հասնող մարդկանց մասին, հնարավոր է, որ բացթողումներ էլ լինեն՝ ռեսուրսների սահմանափակության պատճառով։ «Եվ նույնիսկ եթե այդ ռեսուրսները լինեին, հնարավոր չէ այդ ամենը լոգիստիկ առումով այնպես կազմակերպել, որ որևէ բացթողում չլինի», ֊ նշեց Թորոսյանը։
Խոսելով այն հարցի մասին, թե արդյո՞ք Հայաստանը հաղթահարել է կորոնավիրուսի վարակման պիկը, Թորոսյանն ասաց, որ այդ պիկ ասվածը շատ հարաբերական է․ կարող են լինել նաև պիկեր։
«Ենթադրենք, այսօր ունենք 885 փաստացի բուժվողներ։ Հիմա եթե վաղվանից մեր փաստացի բուժվողների թիվը 885֊ից ցածր լինի, մենք կարող ենք ասել, որ այսօր ունեինք պիկ։ Բայց եթե դրանից հետո նորից սկսի աճել փաստացի բուժվողների քանակը, մենք նորից կունենանք պիկ։ Հնարավոր չէ կանխագուշակել՝ արդյո՞ք չեն լինելու բազմաթիվ պիկեր, մինչև կա՛մ սպեցիֆիկ դեղի/վակցինայի հայտնաբերումը կա՛մ բոլորի վարակվելն ու վարակի մարումը։
Այս վարակի հետ կապված անորոշություններն այնքան մեծ են են։ Հաճախ զուգահեռներ ենք տանում այլ ռեսպիրատոր վարակների հետ, բայց շատ զգուշությամբ, որովհետև շատ բան հայտնի չէ, որպեսզի ասենք՝ գիտե՞ք, տաք ժամանակ մենք անպայման կունենանք նվազում և հետո կունենանք նորից ակտիվացում։ Մենք կարող ենք դա ասել, բայց շատ զգուշությամբ ենք դա ասում և պատրաստվում ենք ամեն դեպքում դրա չլինելուն, այսինքն վատթարագույն սցենարին՝ բոլոր ռեսուրսները պահում ենք մշտական գործունեության մեջ», ֊ ավելացրեց Թորոսյանը։
Նշենք, որ ապրիլի 27-ի 11։00-ի դրությամբ Հայաստանում ըդհանուր առմամբ արձանագրվել է վարակվածության 1808 դեպք, որոնցից 848` արդեն առողջացած, իսկ 29-ը՝ մահվան ելքով։ Անցած մեկ օրում հաստատված դեպքերի թիվն աճել են 62-ով, արձանագրվել է մահվան մեկ դեպք։ Փաստացի բուժվում է 931 պացիենտ։