Մոլլի Գիբսոնը ծնվել է այս տարվա հոկտեմբերին, թեև նրա սաղմը բեղմնավորվել է 27 տարի առաջ։ Էմբրիոնը, որից Մոլլին ծնվել է, սառեցվել է 1992 թվականին ու մինչև 2020-ի փետրվարը, երբ Թինա և Բեն Գիբսոնները որոշել են ծնող դառնալ, մնացել է պահոցում։
Մոլլին նոր ռեկորդ է սահմանել․ ավանդական 9 ամիսների փոխարեն՝ նրա սաղմնային «կյանքը» տևել է 27 տարի։
Ամիսներ առաջ երեխայի ապագա ծնողները դիմել էին «Դոնոր էմբրիոնների ազգային կենտրոն» (NEDC) քրիստոնեական ՀԿ-ին, որը զբաղվում է չծնված սաղմերի պահպանմամբ․ հղիացած կանայք, որոնք չեն ցանկանում երեխա ունենալ, աբորտ անելու փոխարեն նվիրաբերում են էմբրիոնները դոնոր-կազմակերպությանը, որը հետագայում տրամադրում է դրանք անպտղությամբ տառապող կանանց։ Բժշկական պրոցեդուրան նույնն է, ինչ սուրոգատ մայրության պարագայում։ Իրավականը՝ նույնը, ինչ սերմի դոնոր կազմակերպություններում կամ որդեգրման դեպքում։
NEDC-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում մոտ մեկ միլիոն սառեցված սաղմ է պահպանվում։ Կազմակերպության ծառայություններից տարեկան մոտ 200 ընտանիք է օգտվում։ Դիմողները հնարավորություն ունեն ընտրելու շուրջ 300 էմբրիոնների միջև՝ հիմնվելով նրանց դեմոգրաֆիկ պատմության վրա։ Ընթացակարգը կարող է լինել բաց կամ փակ․ դիմորդներն են որոշում՝ ուզում են արդյոք իմանալ ապագա երեխայի գենետիկ «ծնողների» տվյալները, թե ոչ։