Միմյանց կարծես մխիթարող երկու այրիացած պինգվինների լուսանկարը դարձել է Oceanographic ամսագրի Ocean Photograph Awards մրցանակաբաշխության հաղթողը։
Լուսանկարն արվել է ավստրալական Մելբուրն քաղաքում։ Հեղինակը գերմանացի լուսանկարիչ Տոբիաս Բաումգերտներն է։
Մելբուրնի Սենտ-Կիլդա պիրսի մոտ բույն են դրել շուրջ 1400 փոքր պինգվիններ։ Պինգվինների այս տեսակն իրոք փոքր չափեր ունի։ Միջին հասակը կազմում է 33սմ։
Պինգվինների գաղութը կամավորների մշտական դիտարկման տակ է։
«Կամավորականներից մեկը մոտեցավ ինձ ու պատմեց, որ սպիտակ պինգվինը ծեր է, կորցրել է զուգընկերոջը։ «Այրիացած» է նաև մյուս՝ ավելի երիտասարդ պինգվինը։ Զուգընկերներին կորցնելուց հետո նրանք պարբերաբար հանդիպում են, մխիթարում միմյանց ու ժամերով նայում քաղաքի լույսերին», – Ինստագրամի իր էջում գրել է լուսանկարիչը։
Բաումգերտները թռչուններին հետևել է երեք գիշեր։ «Որևէ տեսակի լուսավորում օգտագործել չէր թույլատրվում, իսկ պինգվինները փոքր էին, անդադար շարժվում էին, թևերով հպվում միմյանց մեջքի, մաքրում փետուրները։ Լուսանկարի պահը ֆիքսելը բարդ էր, բայց ի վերջո բախտս բերեց», – պատմում է լուսանկարիչը։