Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի մարմին: Այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
«Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներում: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով»,- հավելել է պաշտոնյան։
Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց 1222 աճյուններ։
Թադևոսյանը նաև նշել է, որ այսօր երեք խումբ որոնումները շարունակելու են Հադրութի, իսկ մեկ խումբ՝ Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում։ Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ:
Զոհվածների մարմինների որոնման և նույնականացման աշխատանքները դեռևս շարունակվում են։ Վերջին տվյալներով՝ հրապարակված Արսեն Թորոսյանի կողմից, պատերազմի սկզբից մինչ հունվարի 4-ը իրականացվել է 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Անճանաչելի մարմինների ԴՆԹ-նույնականացման գործընթացը դեռևս շարունակվում է։