Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում ավտոկայանատեղիների «կարմիր գծեր» այլևս չեն լինի։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով մայրաքաղաքում տեղակայված վճարովի կայանատեղիների մոտ 80 տոկոսը նախատեսվում է վերացնել։
Օրենքն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:
Այսպիսով՝ Երևանի 10 վարչական շրջաններում «կարմիր գծեր» այլևս չեն լինի։ Դրանք կպահպանվեն միայն Կենտրոնի և Արաբկիրի որոշ հատվածներում։ Կխստացվեն նաև տուգանման հիմքերը․ վարորդները կարող են պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, երբ կա իրավախախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ (նախկինում երկու լուսանկարը համարվում էր բավարար հիմք)։