Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հունվարի 21-ին հայտնաբերվել է 3 քաղաքացիական անձի և 1 զինվորականի աճյուն, «Արմենպրեսին» հայտնել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետծառայության ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
Քաղաքացիական անձանց ինքնությունը հաջողվել է պարզել․ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է Մարինե Հայրապետյանի, իսկ Ազոխ գյուղից՝ Սեժիկ Ավագյանի և Յուրի Առուշանյանի մարմինները։ Բոլորը տարեցներ են։
Զինծառայողի ինքնությունը պարզել չի հաջողվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական տվյալներով՝ զինվորականը կամավորական ջոկատներից մեկից է։
ԱԻՊԾ-ի փոխանցմամբ, հունվարի 22-ին որոնողական աշխատանքները կշարունակվեն Ֆիզուլու, Լաչինից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտի և Որոտանի ուղղությամբ։
Պատերազմի ավարտից առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1251 աճյուն: