Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ Ադրբեջանից երեկ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողների աճյունները ենթադրաբար Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում անհետ կորած զինծառայողներինն են։ Այս ենթադրությունը Թադևոսյանը բացատրել է փոխանցման ուղղությամբ։
«Այդ ուղղությամբ անհետ կորածների վերաբերյալ ամենաշատ թվով դիմումներն են ստացվել ծնողների ու հարազատների կողմից», – նշել է պաշտոնյան։
Թադևոսյանը նաև հայտնել է, որ աճյունների վրա նկատված հողից ենթադրվում է, որ նրանք հուղարկավորված են եղել և հավելել, որ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով փետրվարի 17-ին որոնումներ չեն իրականացվում:
Առայսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1485 աճյուն։
Նշենք, որ մինչ օրս հայկական կողմը հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված 2 364 զինծառայողի անուն։ Զոհերի թիվը, սակայն, շեշտակի ավելին է։ Հունվարի 20-ի (!) դրությամբ հաղորդվել էր առնվազն 3439 զոհված զինվորականի մասին, դեռևս ոչ բոլորի ինքնությունն է պարզված։ Որոնողական աշխատանքները և մարմինների փոխանակումը շարունակվում են։