Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:
Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում:
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, ավելի վաղ հայտարարել էր, թե իրենց տեղեկություններով՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում «Իսկանդեր» չի կիրառվել և նշել՝ «Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, մոլորության մեջ են գցել»։
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, փետրվարի 23-ին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին (վերջինս նշել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ և հարցրել՝ ինչո՞ւ այն չի կիրառվել պատերազմի սկզբնական փուլում) և հայտարարել՝ «մերժվածն ինքը գիտի իր հարցերի պատասխանը», «թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»:
Ռուսական մամուլը սա ընկալել է որպես ռուսական զինատեսակը նսեմացնող գնահատական։