Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տուժող կողմ են ճանաչվել վերջերս հարուցված քրեական գործով, համաձայն որի, նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը, տարիներ շարունակ բռնաբարել, սեռական բնույթի ոտնձգություններ և խոշտանգումներ է իրականացրել իր դուստրերի նկատմամբ։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է քույրերից մեկի՝ Անգելինայի փաստաբան Մարի Դավթյանը։
«Իրականում մենք այս ասին վաղուց էինք ասում․ քույրերը, փաստացի, տուժող կողմ են։ ․․․Մենք շարունակում ենք պնդել, որ հենց այդ դեպքերը, տարիներ տևած կտտանքներն են պատճառը, որ աղջիկները ստիպված են եղել դիմել նման քայլի», — ասել է փաստաբանը։
Դավթյանի խոսքով, այս քրգործում քույրերին տուժող ճանաչելը առաջին քայլն է․ պետք է ընդունել, որ հանգամանքները, որոնցում երեք աղջիկներն ապրել են, վտանգավոր են եղել իրենց կյանքի ու առողջության համար։
Քույրերից մեկի՝ Մարիա Խաչատուրյանի փաստաբան Յարոսլավ Պակուլինը ևս հաստատել է նոր քրեական գործի մանսրամասները։ Նա նշել է, որ դատարանի այս որոշումը միանգամայն սպասելի իրավաչափ քայլ էր, և որ այս ամենը կարող էր ավելի շուտ տեղի ունենալ, եթե Միխայիլ Խաչատուրյանի հարազատները թույլ տային ավելի շուտ սկսել հետաքննությունը․ Ռուսաստանի օրենսդրության համաձայն, հետմահու քրեական գործ հարուցելու համար պարտադիր պայման է հարազատների թույլտվությունը։
«Չնայած Խաչատուրյան քույրերի գործի շրջանակներում բավական ապացույցներն ու վկաներն արդեն հայտնի են, ապացույցների հավաքագրումը դեռևս շարունակվում է։ Հավանաբար, նոր փորձաքննություն կիրականացվի՝ թե՛ դատաբժշկական, թե՛ հոգեբանա֊հոգեբուժական», — պատմում է Պակուլինը։
Միխայիլ Խաչատուրյանի բարեկամների պաշտպանող կողմը հայտարարել է, որ քույրերին տուժող կողմ ճանաչելը սովորական պրոցեսուալ գործողություն է, և չի հաստատում նրանց հոր մեղավորությունը։
Միխայիլ Խաչատուրյանի քույրը՝ Նաիրա Խաչատուրյանը, վստահ է, որ իր եղբայրն անմեղ է․ «Մենք համաձայնել ենք թույլատրել այս գործով քննությունը, քանի որ վստահ ենք, որ Միխայիլը մեղավոր չէ։ Քրեական գործից մենք ռեաբիլիտացիա ենք ակնկալում»։
Խաչատուրյան քույրերի գործը
2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում հայտնաբերվել էր 57-ամյա Միխայիլ Պաչատուրյանի դին՝ կտրող-ծակող գործիքների բազմաթիվ վնասվածքներով։ Տղամարդու սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը՝ 17-ամյա Մարիան, 18-ամյա Անգելինան և 19-ամյա Կրեստինան, ովքեր էլ հենց ոստիկանություն էին զանգել։
Առանց փաստաբանների կայացած առաջին հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանական ցուցմունք են ներկայացրել։ Պատմել են, որ հայրը տարիներ շարունակ բռնություն է գործադրել իրենց նկատմամբ և ոտնձգությունների ենթարկել։ Սպանության օրը հայրը հերթով իր մոտ է կանչել քույրերին ու գաղապղպեղ փչել դեմքներին՝ տունը ոչ բավարար հավաքելու համար։
2018-ի օգոստոսին քույրերին մեկուսարան էին տեղափոխել։ Երկու ամիս անց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց․ տնից չէին կարող դուրս գալ երեկոյան իննից հետո, չէին կարող օգտվել կապի միջոցներից, չէին կարող հանդիպել։
Փաստաբանները պնդում էին, որ քույրերն իրենց գործողությունները սպոնտան են իրականացրել՝ անհրաժեշտ ինքնապաշտպանությունից դրդված։ Քննությունն ի վերջո որոշեց, որ կատարվածը կանխամտածված սպանություն է։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական բռնություն է գործադրել քույրերի նկատմամբ, սեռական ոտնձգությունների ենթարկել, ինչի խատճառով քույրերի մոտ հոգեբանական խանգարում է ձևավորվել՝ «դաժան վերաբերմունքի սինդրոմ» կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։