Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր որպես վկա հարցաքննվել է երկրի դատախազության կողմից հարուցված քրգործի շրջանակներում։
«Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում ևս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։
Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,- գրել է Հարությունյանը։
Հիշեցնենք՝ այս տարվա մարտի 2-ին Ղարաբաղի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ԱՀ ՔրՕրի 312-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) 1-ին մասով քրեական գործ է հարուցվել երկրում գործող հասարակական կազմակերպությունների կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում։
Ավելի ուշ հաղորդվել էր, որ կհարցաքննվի նաև Արայիկ Հարությունյանը։