2016 թվականի «Ապրիլյան պատերազմի» հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը կքննարկվի դռնփակ նիստում: Որոշումն ընդունվել է խորհրդարանի այսօրվա նիստում:
Հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտել էր նախորդ տարի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ, բայց ամփոփիչ զեկույցը մինչ այժմ չէր հրապարակվել ու չէր քննարկվել:
Թեև հարցը հանրային մեծ հետաքրքրություն ունի, զեկույցը բազմաթիվ գաղտնի տեղեկություններ է պարունակում, որոնք թույլատրելի չէ հանրայնացնել: Հանրությունը զեկույցի թույլատրելի մանրամասներին հնարավորություն կունենա ծանոթանալ իր ներկայացուցիչների` պատգամավորների միջոցով, մեկնաբանել է Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, 47 պատգամավորների դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ փակ նիստերի ձևաչափով։ Հանձնաժողովը, նախ, հյուրընկալել է ապրիլյան պատերազմին մասնակցած զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին, այնուհետև՝ բարձրաստիճան զինվորականներին՝ նախկին և գործող, 2016-ին որոշումների ընդունմանը առնչություն ունեցած պաշտոնյաներին։ Միակ բարձրաստիճան զինվորականը, որ հրաժարվեց հանձնաժողով ներկայանալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն էր: