Ռուսական կողմը հուսով է, որ Հայաստանը հնարավորինս արագ Ադրբեջանին կհանձնի Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Մենք մի քանի օր առաջ Երևանում դա քննարկել ենք, և ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարության մոտ կա այդ խնդիրը լուծելու անհրաժեշտության գիտակցումը։ Առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն արվել են, և ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարներին։ Ենթադրում ենք, որ գործընթացն էապես կարագանա, և դա թույլ կտա ամբողջությամբ լուծել խնդիրը»,- նշել է Լավրովը և հավելել, որ Ռուսաստանը կողմ է պատերազմից հետո ծագած մարդասիրական բոլոր հարցերի հնարավորինս արագ կարգավորմանը․
«Նկատի ունեմ և զոհվածների աճյունների վերադարձը, և անհետ կորածների ճակատագիրը պարզելը, և ռազմագերիների վերադարձը, և, ինչպես ասում են, պատերազմի նյութական մնացորդների, տվյալ պարագայում՝ ականների հարցի լուծումը», – ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։
Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը չի տվել և չի ցանկանում տալ Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզները։ Բաքվի հաշվարկներով՝ հրադադարից հետո ականների պայթյուններից զոհվել է Ադրբեջանի առնվազն 20 խաղաղ բնակիչ ու զինվորական, 85֊ը վիրավորվել են:
Պաշտոնական Երևանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով նաև միջազգային ճնշումներին ի պատասխան՝ Բաքուն «փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ»: