Հայաստանի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Տավուշի մարզի սահմանային հատվածում հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը:
«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։
Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», – ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե Հայաստանի ԶՈՒ-երը հունիսի 27-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում հրաձգային զենքից գնդակոծել են Թովուզի շրջանի Գարալար գյուղի մոտակայքում տեղակայված դիրքերը։
Նախօրեին ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, թե հունիսի 26-ին՝ ժամը 14։50-ից մինչև 03։00, Գեղարքունիքի մարզի սահմանային հավտվածից Հայաստանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից գնդակոծել են նաև Քելբաջարի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ տեղակայված դիրքերը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր նաև ա՛յս հայտարարությունը՝ շեշտելով, որ «նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»: