Թարմացում 12:51 – Հուլիսի 23-ին հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Հայաստանի ՊՆ հաղորդմամբ՝ վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները միմյանց մեղադրել են հրադադարի խախտման մեջ։ Ադրբեջանական կողմից, ըստ Բաքվի, զոհվել է մեկ զինծառայող, հայկական կողմից՝ «հրազենային թեթև վիրավորում են ստացել» 3-ը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, հուլիսի 23-ին՝ ժամը 16:00-ի շրջակայքում, «Հայաստանի Զինուժերը գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները», «դիպուկահարի կրակոցից զոհվել է զինծառայող Ֆարման Յաղուբլուն»։
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հրազենային թեթև վիրավորում է ստացել 3 զինծառայող։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է Բաքվի մեղադրանքները և հայտարարել, որ Ադրբեջանի մարտական հենակետերում կրակահերթեր են հնչել, «ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջանձնային բնույթի միջադեպով»։ ՊՆ-ն շեշտել է, որ որևէ հակազդող գործողությունների չեն դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
Միջադեպը գրանցվել է Վարդենիսի շրջանի Կութի ու Սոթքի հատվածում։ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ կրակոցներն ինտենսիվ են եղել, իսկ վիրավորում ստացած երեք զինշառայողներից երկուսը պայմանագրայիններ են, մեկը ժամկետային։
«Էս գիշեր հանգիստ ա եղել համեմատաբար։ Մի քանի կրակոցները չենք համարում որպես կրակոցներ, դա մշտական է լինում։ Ինտեսվիվ կրակոցներ մի քանի օր առաջ էր, մեկ էլ էսօր ա սկսվել», – ասաց համայնքապետը։
Հիշեցնենք՝ վերջին օրերին սահմանային իրավիճակը լարվել էր նաև Երասխի հատվածում։ Հայկական կողմից զոհվել էր մեկ զինծառայող, երկու կողմերից կային վիրավորներ։