Home / Բնապահպանություն / Թուրքիայում անտառային հրդեհների զոհ է դարձել 8 մարդ

Թուրքիայում անտառային հրդեհների զոհ է դարձել 8 մարդ

Հուլիսի 28-ից ի վեր շուրջ 125 անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի տարբեր հատվածներում, հաղորդում է թուրքական Bianet գործակալությունը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ ավեի քան 800-ը։ Մի շարք բնակավայրերում մարդիկ ստիպված են լքել իրենց տները և տարհանվել։

Հրդեհներից 117-ը, ըստ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարի, մեկուսացվել կամ մարվել են։ Երկրի հարավային հատվածում, մասնավորապես՝ զբոսաշրջային կենտրոններ համարվող Անթալիայում և Մուղլայում, սակայն, կրակը դեռ տարածվում է։  Կրակը դեռևս չի հաջողվել մարել նաև Մարմարիսում։ Հրդեհների պատճառով ստիպված են եղել տարհանվել թե այդ շրջաններում հանգստացող բազմաթիվ զբոսաշրջիկները, թե բնակիչները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրդեհներից տուժած շրջանները հայտարարել է «աղետի գոտի»։

Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնել Անկարային և պատրաստվում է ինքնաթիռներով օժանդակ ուժեր ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու։ Ավելի վաղ Թուրքիային օգնության էին հասել նաև ռուսական, ուկրաինական, իրանական և ադրբեջանական օդանավերը։

Երեկ Թուրքիայի նախագահն այցելել է հրդեհներից մեծապես տուժած Մուղլայի շրջան, որտեղ հայտարարել է, որ հրդեհեից տուժած տարածքներում հրատապ կարիքների համար տրամադրվել է 50 միլիոն թուրքական լիրա (գրեթե 6 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ժամանակավոր կացության համար օգնություն կտրամադրվի նաև իրենց տների տարհանված մարդկանց։ Էրդողանը նշել է նաև, որ կփոխհատուցվեն գյուղատնտեսական վնասները։

Թուրք առաջնորդը, սակայն, խիստ քննադատության է ենթարկվել սոցցանցերում, երբ ելույթի ընթացքում սկսել է թեյ բաժանել հավաքված մարդկանց։

https://twitter.com/ozan_blk07/status/1421719476941295619

Էրդողանին և իր կառավարությանը մեղադրել են նաև երկրի ընդդիմադիր գործիչները՝ պնդելով, որ կառավարությունը բավականաչափ հրշեջ ինքնաթիռներ ձեռք չի բերել, չնայած որ սա Թուրքիայում անտառային հրդեհենրով ուղեկցվող առաջին ամառը չէ։

Թուրքիայի իրավապահներն արդեն հետաքննություն են սկսել՝ հրդեհների պատճառները պարզելու համար, քանի որ մի շարք հատկապես իշխանամետ գործիչներ և լրատվականներ պնդում են, թե տեղի ունեցածը բնական աղետ չէ։ Հրդեհների համար երեկ հրապարակված հայտարարության մեջ արդեն պատասխանատվություն է վերցրել «Հրի երեխաներ նախաձեռնությունը», որը անցյալ տարի ևս պնդում էր, թե կանգնած է բռնկված հրդեհների հետևում։

Թուրքական նավատորմի վետերան Ջիհաթ Յահջըն հայտարարել է նաև, որ հրդեհների հետևում են հունական ուժերը և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» (Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ճանաչված է «ահաբեկչական կազմակերպություն»)։

Հունաստանը, սակայն, ևս տուժել է անտառային հրդեհներից։ Հրշեջներն արդեն մի քանի օր է՝ փորձում են հանգցնել երկրի արևմտյան հատվածում ծագած հուժկու կրակը։ 15 հոգի արդեն հոսպիտալացվել է շնչառական խնդիրներով։ Միաժամանակ՝ հրդեհներ են նաև Իտալիայի Սիցիլիա կղզում։ Այստեղ, սակայն, ևս զոհեր չկան։