Home / Հայաստան / Արարատ Զուրաբյանը քցող է

Արարատ Զուրաբյանը քցող է

Արարատ Զուրաբյանը քցող է՝ նա տարիներ շարունակ աշխատեցրել է մարդկանց և չի տվել աշխատավարձը։ Զուրաբյանը 90-ականներից սկսած համատեղում էր պետական պաշտոնները բիզնեսի հետ։ Հուլիսի վերջին իր ընտանիքին պատկանող սրճարանի նախկին աշխատակիցները ևս մեկ անգամ փորձեցին հանդիպել Զուրաբյանի հետ։ Խաբվածներից մեկը շինարար է՝ Զուրաբյանի համագյուղացի՝ Բերդավանցի է և նախկին կոլեգաների պես գերադասում է հավատալ խոստումներին և զերծ մնալ կոնֆլիկտային իրավիճակներից։ Մանրամասները՝ տեսանյութում․

Նախկին պաշտոնյա, ընդդիմադիր Արարատ Զուրաբյանը խաբել է իր սրճարանի աշխատակիցներին և չի վճարել նրանց աշխատավարձերը։ Խոսքը Կարապի լճին հարակից ռեստորանային համալիրի մասին է, որը կասկածելի սխեմայով աճուրդի է դրվել։ Ըստ չվարձատրված աշխատակիցների, Զուրաբյանների ընտանիքը այժմ սնանկ ճանաչվելու գործընթացի մեջ է, ինչի շնորհիվ նրանց, ամենայն հավանականությամբ, կհաջողվի խուսափել աշխատավարձների պարտքը մարելուց և գրպանել նաև գույքի դիմաց ստացած 2,5 մլն դոլար վարկի զգալի մասը։

Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը 1994-95 թթ․ եղել է Հայաստանի ներքին զորքերի հրամանատարի տեղակալ, 1996-2002-ին՝ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետ, 2017-ին Ծառուկյան դաշինքի ցուցակով դարձել է պատգամավոր։

Չվարձատրված աշխատակիցներից 14-ը միավորվել են և պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը։ Պարտքը կազմում է մոտ 7,8 մլն դրամ և առաջացել է ամիսների, իսկ որոշ դեպքերում՝ տարիների ընթացքում։ Զուրաբյաններն, ըստ նախկին աշխատողների, աշխատակիցներին վճարել են ոչ թե ամսվա, այլ օրվա վերջում։ Այն օրերին, երբ չէին վճարում, գումարը ձևակերպվում էր որպես պարտք։

Epress.am-ը ապրիլին զրուցել էր «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ հաշվապահ Վարդան Գաբրիելյանի հետ, ով մի շարք նախկին գործընկերների հետ որոշել է խմբով պահանջել հասանելիք գումարը։

Զուրաբյանը և սրճարանը տնօրինող իր ազգակիցները՝ թաքցնելով սնանկության գործընթացը սկսելու և գույքը աճուրդի հանելու փաստը, պարբերաբար խոստացել են, որ կմարեն պարտքերը և ժամանակ խնդրել։ Երբ պարտատերերը իմացել են, որ նախկին գործատուն սնակության գործընթաց է սկսել, որոշել են դիմել դատարան, որպեսզի իրենց հասանելիք պարտքը ևս ներառվի գործի մեջ։ Սակայն այս տարվա մարտի վերջին Արարատ Զուրաբյանին հերթական անգամ հաջողվել է համոզել մարդկանց սպասել ևս 10 օր, և նրանք դատարան չեն դիմել։

Հետո սրճարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպում է ոմն Վահագն Մինասյան, ով սկզբից ներկայացել է որպես Զուրաբյանի ֆինանսիստ, հետո՝ բիզնեսմեն, որը գույք է գնում Զուրաբյաններից։ Վերջինս ասել է, որ աշխատավարձերը պետք է վճարի ինքը։ Տղամարդը տարբեր պատրվակներով հետաձգում է վճարումը․ մեկ կնիքն է մոռանում բանկ գնալիս, մեկ սպասեցնում է պարտատերերին իր գրասենյակի մոտ, որտեղ, ինչպես պարզվել է հետագայում, իրեն առհասարակ չեն ճանաչում․․․

Դրանից հետո նա անհետացել է և դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Նրանից բացի՝ այժմ չի հաջողվում կապ հաստատել նաև Արարատ Զուրաբյանի հետ։ Լրագրողի զանգերին նրանք ևս չէին պատասխանում։

Ինչ վերաբերում է սնանկության գործընթացին, ապա այն հիշեցնում է հայաստանյան արտոնյալ գործարարների կողմից հաճախ կիրառվող սխեման, որով վերջիններս կարողանում են խուսափել և՛ ամիսներով կուտակված հարկային պարտքերից, և՛ գրպանել գույքի դիմաց ստացած վարկերը, և՛ իրենց իսկ գույքը նվազագույն գումարով հետ վերադարձնել։ «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ նախկին աշխատակիցները գիտեն Զուրաբյանների՝ Կոնվերս բանկից վերցրած 2,5 մլն դոլարանոց վարկի մասին։ Տեղյակ են նաև, որ աճուրդի հանված ռեստորանային համալիրը արդեն մի քանի անգամ չի վաճարվել։ Ամեն աճուրդից հետո գինը կտրուկ ընկնում է։ Բացի դա, ըստ աշխատակիցները, Զուրաբյաններին հաջողվել է նաև տարիներով խուսափել հարկեր վճարելուց։