Home / Հայաստան / Գորիս-Կապան ճանապարհը վերաբացվեց

Գորիս-Կապան ճանապարհը վերաբացվեց

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակված Շուռնուխ-Կարմրաքար և Գորիս-Որոտան հատվածները վերաբացվել են։

Քիչ առաջ այս մասին հաղորդել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը՝ շեշտելով․ «Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»։

Մայրուղու նշված հատվածներից առաջինը փակվել էր օգոստոսի 25-ի ուշ երեկոյան, երկրորդը՝ 26-ի առավոտյան։ Շրջափակման մեջ հայտնված հայկական մեքենաները ռուս սահմանապահների միջնորդությամբ գրեթե անմիջապես դուրս էին բերվել։ Երեկվանից հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ էին ընթանում, բեռնա- և ուղևորափոխադրումներն իրականցվում էին այլընտրանքային ճանապարհներով, որոնք հիմնականում անմխիթար վիճակում են գտնվում։

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգեց մինչև տարեվերջ հիմնանորոգել Գորիս-Կապանի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած ճանապարհահատվածին այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհը։ Կառավարությունը 7․6 միլիարդ դրամ հատկացրեց՝ այս և միջպետական/հանրապետական նշանակության մի շարք այլ ճանապարհների հիմնանորոգման համար (ավելի մանրամասն՝ այստեղ

Գորիս-Կապան ճանապարհի հիշյալ հատվածները Բաքվի վերահսկողությանն էին անցել 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ օգոստոսի 25-ին նշված հատվածում հայ զինծառայողենրը ադրբեջանցի սահմանապահի են դանակահարել․ ճանապարհի արգելափակումը Բաքուն «համարժեք պատասխան» էր հռչակել։ Հայաստանի ՊՆ-ն, սակայն, գրեթե անմիջապես հերքել էր այս տեղեկությունը՝ ադրբեջանական կողմի հայտարարությունները որակելով «բացարձակ կեղծիք» (ավելի մանրամասն՝ այստեղ):

Վարչապետն էլ կոչ էր արել Ադրբեջանին ենթադրյալ միջադեպին վերաբերող փաստերը փոխանցել հայկական կողմին և «համատեղ քննություն» իրականացնել։ Հայաստանի ԱԱԾ-ն օգոստոսի 27-ին հաղորդել էր, որ ադրբեջանի միջադեպի մասին որոշակի տեղեկություններ է փոխանցել, որոնք այժմ ուսումնասիրվում և քննվում են ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։