Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից: Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ:
«Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում: Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են», – ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ։