«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (հայտնի է «Աշոտ Երկաթ» մականվամբ) կկալանավորվի․ վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է դատախազության բողոքը:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից օրեր անց ԱԱԾ-ն հաղորդել էր, որ կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու փորձը։ Գործով ձերբակալվել էին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Դատարանի որոշմամբ նրանք բոլորն ազատ էին արձակվել։
Վճռաբեկ դատարանը հոկտեմբերին մասնակիորեն բավարարել էր Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության բողոքը։
Վճռաբեկը եզրակացրել էր, որ առաջադրված մեղադրանքներից մեկով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) Աշոտ Մինասյանի առնչությամբ հիմնավոր կասկածն առկա է։ Վճռաբեկն, այսպիսով, բեկանել էր ստորադաս դատարանների որոշումները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի քննության:
Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք, ռազմամթերք, ձեռք բերելու և պահելու մեջ։