Ռուսաստանը լրացուցիչ անցակետ կտեղադրի Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսում, այսօր ԱԺ նիստին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«ՌԴ–ի հետ հետևյալ պայմանավորվածությունն ունենք. մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր [Վերին Լարսում] գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել»,– ասել է Սանոսյանը։
Նախարարի համոզմամբ՝ այս լրացուցիչ անցակետի շնորհիվ Լարսում առկա խնդիրը որոշակի կմեղմվի, հատկապես, որ ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի բեռանափոխադրողները դրանից արտոնյալ պայմաններով կօգտվեն։
«Մենք ժամանակին խնդիր ունեինք նաև ՌԴ–ից դեպի Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ գրեթե արդեն խնդիր չկա։ Վատագույն դեպքում 1 օր են մեքենաներն այնտեղ մնում»,– հավելել է նախարարը՝ ընգծելով, որ խնդիրը հակառակ ուղղության մեջ է։
Լարսի խնդիրը
Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ անցակետն է և Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Անցակետի թողունակությունը օրական 400 մեքենա է, բայց այժմ սպասարկվում է շուրջ 700 մեքենա։
Ռուսաստանի Ուկրաինայում պատերազմի ֆոնին Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է։ Մաքսակետերը ժամանակին չեն հասցնում բեռնահոսքերը մշակել։ Բեռնատարները երբեմն ստիպված են լինում սպասել շուրջ մեկ ամիս:
«Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխում փոխադրվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը», ֊ պարզաբանել է Գնել Սանոսյանը։
ՌԴ֊ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի խոսքերով՝ վերանորոգման աշխատանքների պատճառով է, որ ռուսական կողմը չի կարողանում անհրաժեշտ քանակությամբ բեռնատարներ անցկացնել Վերին Լարսով։ Ինչի հետևանքով Վրաստանի տարածքում հազարավոր մեքենաներ են կուտակվել, այդ թվում՝ Հայաստանից (400-500 մեքենա):