Երկար ժամանակ լսում էի, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ու ՀՀ վարչապետի աշխատակազմում մի առաջարկ է քննարկվում, բայց հույս ունեի, որ ողջախոհությունը դեռ չի մահացել, ու առաջարկը սենյակների պատերից դուրս չի գա։ Առաջարկը՝ հաշմանդամության նպաստը տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց եկամուտները հաշվի առնելով։ Այսինքն՝ չտրամադրել հաշմանդամության նպաստը «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչված բոլոր անձանց։ Չնչին, բայց միակ շոշափելի օգուտը, որն այսօր տալիս է պետությունն անձին։
Պետությունը ձախողել ու հիմա հատկապես ձախողում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց եկամուտն ինքնուրույն վաստակելու հնարավորություն տալու նախաձեռնությունները։ Չկան զբաղվածության խթանման արդյունավետ ծրագրեր։ Կրթություն ստանալ հնարավոր է անձի և նրա ընտանիքի կամային հատկանիշների (այլ կերպ ասած՝ դիմանալու) ու բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելու դեպքում։ Շարունակվում են հանրության հաշմանդամություն չունեցող անդամների համար ծառայություններ ստեղծվել՝ բացառելով նրանց, ովքեր հաշմանդամություն ունեն։ Օրինակ՝ բազմաբնակարան շենք կառուցել, մանկապարտեզ, խանութ հիմնել և այլն։ Հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ հատուկ ծառայություններ չեն ստեղծվում։ Մարզեր կան, որտեղ չափահաս դառնալուց հետո պետք է մոռանալ ծառայություն ստանալու մասին։ Եվ ի՞նչ է քննարկում պետությունը։ Այո՛, առկա միակ համընդհանուր հնարավորությունը փոխելու հարցը։
Չգիտեմ՝ հաշմանդամություն ունեցող և բարձր եկամուտով քանի անձ են ճանաչում, որ այս վատ գաղափարը հիմա՝ տնտեսական դժվարին պայմաններում, քննարկելու կարիք է առաջացել։ Ինչևէ, նույնիսկ բարձր եկամուտներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են ունենալ հավելյալ ծախսեր, որոնք չեն անում միևնույն հանգամանքներում ապրող հաշմանդամություն չունեցող անձինք։
Պարզ օրինակ, որը քննարկվել է։ Պարզ, բայց իհարկե ոչ այն պաշտոնյաների համար, ում աթոռը թեքվել է դեմքով դեպի պատը և մեջքով դեպի իրականությունը։ Դիաբետ ունեցող անձը, որ «հաշմանդամություն ունեցող անձ» է ճանաչվել պետության կողմից, ի համեմատություն դիաբետ չունեցող անձանց, պարզ է, չէ՞, որ բազմաթիվ հավելյալ ծախսեր է անում։ Կամ, օրինակ, կույր անձը, որ շարունակում է ստիպված տաքսի ծառայություններից օգտվել, որովհետև հանրային տրանսպորտը մատչելի չէ։ Հաշմանդամություն ունեցող երեխան, որի «հարուստ» համարվող ծնողը իր եկամտի զգալի մասն ուղղում է ծառայություններին։
Եթե անհավասարությունները վերացնելու գործում կառավարությունն իր դերը չի տեսնում, այդ մոտեցման վերանայմանը հասնելու բազմաթիվ ձևեր գիտենք՝ անձնական պատասխանատվության մեխանիզմներից մինչև դիմադրության հայտնի ու դեռ անհայտ ձևեր։
Հանրային բոլոր ծառայողները պիտի հարգեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքները, այդ թվում՝ մասնակցության սկզբունքը։ Ոչ մի հարց (նույնիսկ գաղափարի մակարդակում) չպետք է քննարկվի առանց հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ներկայացնող կազմակերպությունների։
Մեկ անգամ էլ ընդգծեմ։ Հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հաշմանդամությամբ պայմանավորված ստիպված են լինում հավելյալ ծախսեր անել։ Դա անհերքելի փաստ է։
Մեկնաբանություններում կխնդրեմ ընկերներիս փաստել ասածս։ Պաշտոնյաները կարդում են մեր գրածները։ Ոչինչ, որ որոշներն անհիմն, իրենց կաշին փրկելու կամ իրականությունից թաքնվելու համար են եզրակացություններ անում քննադատության մեր շարժառիթների մասին։ Կարևորն ընդունված որոշումներն ու համոզմունքները փոխելու թեկուզ չնչին հնարավորությունն է, որին երբեմն երկխոսությամբ հասնել հնարավոր չի լինում։ Ցավոք։
Մուշեղ Հովսեփյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ