Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։
«Կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում ենք կայացրել, ինչը և տրամաբանական է այս դեպքում», – գործադիրի այսօրվա նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել վստահության ու հավատի համար։
«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա՝ ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար», – ասել է փաստաբանը։
Դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի երկու դատավորների՝ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:
ՍԴ դատավոր առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
Բարձր դատարանի դատավորները, հիշեցնե՛նք, ընտրվում են Ազգային ժողովի կողմից՝ փակ և գաղտնի քվեարկությամբ։ 9-ը դատավորից 3-ը ընտրվում են հաջորդաբար՝ հանրապետության նախագահի, կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։ Ներկայումս առաջադրման հերթը կառավարությանն է։
Փաստաբան Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ է, Մարտի 1-ի քննող (լուծարված) փաստահավաք խմբի անդամ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի քույրն է։ Հայտնի է նախկին իշխանությունների՝ հատկապես Մարտի 1-ին առնչություն ունեցած բարձրաստիճան պաշտոնյաների սուր քննադատությամբ։
2020-ի ապրիլին հարձակման էին ենթարկվել Սաֆարյանի ազգականները՝ նրա դուստրը, փեսան, ծնողները, քույրը։ Մի խումբ տղամարդիկ նրանց ծեծի էին ենթարկել։ Փաստաբանը սա կապել էր Ռոբերտ Քոչարյանի մարդկանց հետ՝ սադրանքն ու բռնությունը համարելով իր մասնագիտական գործունեության համար վրեժխնդրություն։
Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների մեկ այլ ներկայացուցիչ՝ փաստաբան Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր էր ընտրվել 2019 թ․-ի հունիսի 18-ին։