Սա արդեն երկրորդ անգամն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջին դեպքը, ըստ նրա, տեղի է ունեցել մայիսին, երբ խոստում էր տրվել Բրյուսելում։ «Երկրորդը հիմա է, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել [սեպտեմբերի էսկալացիայի ժամանակ գերեվարված] 17 հայ գերիների», – գրել է Փաշինյանը։
Պայմանավորվածությունը, ըստ ՀՀ ԱԽ քարտուղարի, ձեռք է բերվել ԱՄՆ-ում՝ սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը», – գրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերի Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի վրա լայնածավալ հարձակում էին սկսել։ Երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 207 զոհ և անհետ կորած, ադրբեջանական կողմը՝ 80 զոհ ունի։ Երևանը հաղորդել էր առնվազն 20 հայ զինծառայողների գերեվարման մասին (ԱԽ քարտուղարի հաղորդագրության համաձայն, Վաշինգտոնում քննարկվել է 17 հաստատված գերիների վերադարձի հարցը)։ Եվս 33 հայ ռազմագերիներ Ադրբեջանի բանտերում են պահվում 44-օրյա պատերազմից ի վեր։
Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կամայական մահապատժի ենթարկում հայ գերիների խմբին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարված հրադադարը պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր, ադրբեջանականը՝ 4 վիրավոր ունի: