Home / Դատարան / Հնդկաստանը կազատվի Բրիտանական կայսրության ընդունած օրենքներից

Հնդկաստանը կազատվի Բրիտանական կայսրության ընդունած օրենքներից

Հնդկաստանի արդարադատության նախարարը կոչ է արել վերացնել Բրիտանական կայսրության ժամանակաշրջանում ընդունված օրենքները։

Հարկ է նշել, որ այս մասին նախարարը հայտարարել է նույն օրը, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնեց հնդիկ Ռուշի Սունակը։

Նախարարի խոսքով՝ այսպիսով հնդիկները կազատվեն շուրջ 1500 անպետք ու անտեղի օրենքներից։ Այս նախաձեռնությունը կքննարկվի խորհրդարանի հաջորդ նստաշրջանում՝ դեկտեմբերին։

Բրիտանական գաղութացման շուրջ 89 տարիների ընթացքում ընդունված օրենքներից են․

— Հանգստյան տների բոլոր սեփականատերերը պարտավոր են անվճար խմելու ջուր տրամադրել բոլոր անցորդներին։ Որոշ կոռումպացված տեսուչներ սա օգտագործում են հարստանալու համար:

— Մորեխներից ազատվելու միակ տարածված միջոցը բարձր ձայներն են։ Նյու Դելիի յուրաքանչյուր բնակիչ, ով չի հարվածում թմբուկին միջատների ներխուժման ժամանակ, կարող է տուգանվել։ 

— Փողոցում գտած (10 պենսից (մոտ 45 դրամ) շատ) գումարի մասին պետք է անհապաղ տեղեկացնել իշխանություններին, հակառակ դեպքում «հաջողակը» կտուգանվի։ 

— Օդապարուկներն (Воздушный змей) ու ինքնաթիռները կարելի է ասել՝ իրար հավասար են։ Նրանք, ովքեր ցանկանում են օդապարուկ բաց թողնել օդում, պետք է լիցենզիա ստանան դրա համար։ 

— Ավտոմեքենայի տեսուչները պետք է ունենան «լավ մաքրած ատամներ»:

— 1855թ․-ին բրիտանացիները «Սոնթալներ» կոչվող հնդկական ցեղին համարեցին «ոչ քաղաքակիրթ ռասա» և ազատեցին նրանց կայսրության օրենքներից, հետևաբար և իրավունքներից: Սա մինչ օրս ուժի մեջ է։

Ըստ փաստաբանների՝ հնդիկների մեծամասնությունը չի բախվում հնացած օրենքներին, բայց հաճախ դրանց մասին հիշում են դատարաններում, ինչը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել, կամ օգտագործվել պաշտոնյաների կողմից՝ կաշառք ստանալու նպատակով։ 

2015-ից մինչև 2019 թվականը Հնդկաստանում արդեն չեղյալ էին հայտարարվել շուրջ մի քանի հազար հնացած օրենքներ։ Սակայն դեռևս 19-րդ դարում ընդունված որոշ ակտեր ակտիվորեն օգտագործվում են ներկայիս իշխանությունների կողմից։ 

Օրինակ՝ 1870թ․-ին բրիտանացիների կողմից ներկայացված «ապստամբության» մասին հոդվածով, որով կայսրությունը կանխում էր հնդիկների «դավադրությունները», 475 քրեական գործ է հարուցվել 2014-ից 2021 թվականներին: Կասկածելով, որ օրենքը չարաշահվում է խոսքի ազատությունը սահմանափակելու համար, Հնդկաստանի Գերագույն դատարանը մայիսին կասեցրեց այն՝ բոլոր հարցերը մանրամասն ուսումնասիրելու համար: