Ռուշի Սունակը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետը։
Վերջին մեկ տարվա ընթացքում Բրիտանիան երկու անգամ վարչապետ է փոխել։ Սեպտեմբերի սկզբին՝ Բորիս Ջոնսոնի սկանդալային պաշտոնանկությունից հետո, կառավարության ղեկավար ընտրվեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը, որի 45-օրյա իշխանությունը ավարտվեց հոկտեմբերի 20-ին։ Թրասը հրաժարական ներկայացրեց, նրան փոխարինելու եկավ Բրիտանիայի նախկին ֆինանսների նախարար Ռուշի Սունակը։
Սունակը 42 տարեկան է՝ ամենաերիտասարդ վարչապետը Բրիտանիայի պատմության վերջին երկու հարյուրամյակների ընթացքում։ Եվ առաջին հնդիկ վարչապետը՝ Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում։
պահպանողականների հակառեկորդը՝ առանց նոր ընտրությունների
Նախքան թագավոր Չարլզ Երրորդի հետ հանդիպելը, Սունակը ուղերձ է հղել բրիտանացիներին և խոստովանել է՝ երկիրը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, բայց արտահերթ ընտրություններ չեն լինելու։
Նորընտիր վարչապետի տրամաբանությունը հետևյալն է՝ 2019 թվականի ընտրություններին բրիտանացիները ընտրել են Պահպանողական կուսակցությունը, ոչ թե առանձին վարչապետի։ Ինքը՝ որպես Պահպանողական կուսակցության նոր ղեկավար, կփորձի ուղղել նախորդների թույլ տված սխալները։
Արտահերթ ընտրություններից խուսափելու այս քաղաքականությունը ընդդիմադիր լիբերալ դեմոկրատները գնահատել են որպես անվստահություն Բրիտանիայի ժողովրդի նկատմամբ։ Լեյբորիստները, իրենց հերթին, քննադատել են կոնկրետ քաղաքական ծրագրի բացակայությունը և հայտարարել՝ անհրաժեշտ է «սկսել նոր էջից և արտահերթ ընտրություններ անցկացնել»։
«Ռիշի Սունակը 12 տարի պահպանողականների տապալված կառավարման մաս է կազմել։ Վերջին ընտրությունների ընթացքում մարդիկ չեն ընտրել բարձր հարկերն ու ցածր տնտեսական աճը, ինչի ամենակենտրոնում եղել է, իհարկե, հենց Ռիշի Սունակը», – նշել է Լեյբորիստական կուսակցության ղեկավար Աննելիզա Դոդսը։
Սունակին նախորդող Լիզ Թրասի ծրագիրը խորացրել է Բրեքսիթից և համավարակից հետո գոյացած տնտեսական ճգնաժամը։ Թրասի օրոք Պահպանողական կուսակցության վարկանիշը նոր հակառեկորդներ է սահմանել․ ինչ-որ պահի այն իջել է մինչև 15 տոկոս, ինչը ԲիԲիՍին պատմական մինիմում է որակել։
ֆինանսական կորպորացիաներ, միլիարդատեր տիկին
Սունակը բրիտանական կառավարության ամենահարուստ անդամն է՝ միլիոնատեր։
Ծնվել է Բրիտանիայում 1980 թվականին։ Ծնողները փանջաբցի հնդիկներ են, Հնդկաստանից արտագաղթել են դեռևս անգլիական գաղութատիրության տարիներին, Միացյալ Թագավորություն են ներգաղթել 1960-ականներին՝ Արևելյան Աֆրիկայից։
Սունակը բժիշկների ապահով ընտանիքից է․ մասնավոր դպրոցից հետո ավարտել է Օքսֆորդի, հետո Սթենֆորդի համալսարանները։ Աշխատել է խոշոր ֆինանսական կորպորացիաներում (Goldman Sachs, Children’s Investment Fund Management, Theleme Partners, Catamaran Ventures)։ 2015 թվականից քաղաքական պաշտոններ է զբաղեցնում։
2009 թվականին Սունակն ամուսնացել է Աքշատե Մուրտիի՝ հնդիկ միլիարդատեր, հնդկական IT-հսկաներից Infosys ընկերության համահիմնադիր Նարայանե Մուրտիի դստեր հետ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, Նարայանե Մուրտիի կարողությունները հասնում են 3․5 միլիարդ դոլարի։
Ամենահարուստ բրիտանացիների ցուցակում Ռուշի Սունակը 222-րդ տեղն է զբաղեցնում (ընտանիքի կարողությունները՝ 730 միլիոն ֆունտ ստերլինգ)։
Նրա կինը խոշոր փայբաժին ունի հոր ընկերությունում․ միայն 2021 թվականին այդ բաժնետոմսերը նրան ավելի քան 11 միլիոն ֆունտ ստերլինգի պաշտոնական եկամուտ են բերել։
2022 թվականի ապրիլին Աքշատե Մուրտին հայտվել էր խոշոր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Ըստ մեղադրանքների, նա, թաքնվելով ոչ ռեզիդենտի կարգավիճակի ներքո (Մուրտին Հնդկաստանի քաղաքացի է), խուսափել է Բրիտանիայում հարկեր վճարելուց։ Ամուսնու նկատմամբ քաղաքական ճնշումները թուլացնելու նպատակով նա հայտարարել է, որ կսկսի հարկեր վճարել, այդ թվում՝ նաև արտասահմանյան եկամուտների համար:
ինչպե՞ս գնահատել մարդկանց
Լեյբորիստները հետաքրքրվում էին՝ արդյոք Սունակը օգտվում է այդ «հարկային կղզիներից»։ Independent պարբերականի տվյալներով, Բրիտանիայի նորընտիր ղեկավարը 2020 թվականին ներառվել է օֆշորային գոտիների՝ Բրիտանական Վիրջինյան և Կայմանյան կղզիների, բենեֆիցարների ցանկում։ Սունակը հերքել է այս տեղեկությունները։
Բրիտանիայի ամենահարուստ վարչապետի քաղաքական դիրքորոշումը հետևյալն է՝ «մարդկանց պետք չէ գնահատել ըստ նրանց բանկային հաշիվների»։
Բորիս Ջոնսոնի օրոք՝ 2020 թվականին, այժմյան վարչապետը նշանակվել է ֆինանսների նախարար։ 2022-ին հրաժարական էր ներկայացրել։ Ընթացքում տուգանվել էր հակահամավարակային կանոնները խախտելու համար։
Գլխավոր գանձապահ դառնալուց առաջ Սունակը նաև պատգամավոր է եղել։ Թերեզա Մեյի օրոք մշտապես աջակցել է Բրեքսիթին՝ կողմ է եղել ԵՄ-ից հեռացած Բրիտանիային և դեմ՝ միգրացիոն քաղաքականության փափկեցմանը։ Ներգաղթյալների ընտանիքում ծնված նոր վարչապետը կարծում է, որ Բրիտանիան պետք է զգուշանա միգրացիոն հոսքերից և «վերահսկի իր սահմանները»:
Ինչ վերաբերում է պատերազմի քաղաքականությանը՝ հրապարակային իր ելույթներում Բրիտանիայի նոր վարչապետը վստահեցնում է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ պաշտպանվելու ռուսական ագրեսիայից։ Միևնույն ժամանակ, նա պարբերաբար խոսում է կորուստների մասին, որ կրում է Բրիտանիան՝ հատկապես Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների պատճառով։ Սունակի գնահատականով, այս սահմանափակումների համար բրիտանական տնտեսությունը շուրջ 75 միլիարդ ֆունտ է վճարելու։